Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջտեղում ընկած էին՝ Խաչենի մելիքությունը, Շուշի բերդը և Վարանդայի մելիքությունը, որոնք կապված էին Փանահ-խանի հետ։ Ուրեմն թշնամին մտել էր դաշնակիցների մեջտեղում։ Այդ էր պատճառը, որ Գյույիստանի և Ջրաբերդի մելիքները շատ օգուտ չէին կարողանում քաղել իրանցից անջատված Տիզակի մելիքից, որը այդ ժամանակ Մելիք-Եսային էր։

Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը դիմում են վրաց իշխան Հերակլեի հայր Թեյմուրազին, առաջարկում են միանալ նրա հետ, Փանահ-խանի իշխանությունը ոչնչացնելու համար, խոստանում են, որ իրանք ևս պատրաստ կլինեն ամեն մի հարկավորած դեպքում օգնել վրաց իշխանին, որպես հավատարիմ դաշնակիցներ։ Թեյմուրազն ընդունում է հայոց մելիքների առաջարկությունը, որովհետև ինքն ևս թշնամություն ուներ Փանահ-խանի հետ։ Նա հավաքում է վրացիների, օսերի, խեսուրների և այլ լեռնցիների ահագին խառնիճաղանջ բազմություն, արշավում է դեպի Ղարաբաղի կողմերը (1762)։ Մելիք-Աթամը իրանց զորքերով միանում են նրա հետ։ Ասկարանի ավերակների[1] մոտ բանակ է դրվում, հայոց մելիքները մատակարարում են իրանց դաշնակից հյուրերի բոլոր պաշարեղենները։

Այդ միջոցին Փանահ-խանը նույնպես անգործ չէ մնում. նա ամրացնում է իր բերդը՝ Շուշին, օգնության է կանչում իր երկու հավատարիմներին՝ Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին, որոնք իրանց ուժերով միանում են նրա հետ։

Ճակատամարտը կատարվում է Գարգար գետի ափերի մոտ, Ասկարանի ավերակներից փոքր-ինչ հեռու։ Փանահ-խանի զորքերը ջարդվում են և ինքը փախչում է դեպի Պարսկաստան։ Բայց երկու քաջեր՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը փախստականին Խուդափիրինի կամուրջից[2] բռնելով, ետ են բերում։

Մելիք-Շահնազարը հաղթվելուց հետո փախչում է և ամրանում իր Ավետարանոց բերդում. Մելիք-Միրզախանն էլ նրա մոտ ապաստան է գտնում։ Այդ միջոցին հայոց և վրաց միացած ուժերը պաշարում են Ավետարանոց բերդը, և մի քանի օրվա ընդդիմադրությունից հետո, գրավում են նրան։ Մելիք Շահնազարը և Մելիք-Միրզախանը գերի են ընկնում. Ավետարանոց բերդը ավերակ

  1. Ասկարանի ավերակները Շուշի բերդից մոտավորապես 30 վերստ հազիվ հեռավորություն ունեն։
  2. Երասխ գետի վրա