Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է դառնում. այդ երկու մելիքների և Փանահ-խանի երկրները բոլորովին ավարի են առնում, հրդեհում են և ամեն ինչ ոչնչացնում են։

Այդ բոլորից հետո Թեյմուրազը հիշյալ երկրների իշխանությունը տալով Մելիք-Աթամին և Մելիք-Յուսուբին, կամենում է վերադառնալ դեպի Վրաստան, Փանահ-խանին, Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին իր հետ տանելով որպես գերիներ։ Բայց հայոց դաշնակից մելիքները, Թեյմուրազի հետ սկզբից դրած պայմանի համեմատ, պահանջում են, որ Փանահ-խանին և հիշյալ երկու մելիքներին իրանց ձեռքը տա, որպես կամենան, այնպես վարվեն նրանց հետ, իսկ ինքը պետք է բավականանա միայն պատերազմական ավարով։ Թեյմուրազը կամենում է նույն խաբեությունը գործ դնել իր դաշնակիցների հետ, ինչ խաբեություն, որ գործ դրեց օվշար Ֆաթալի-խանը։ Նա բացարձակ կերպով չէ մերժում Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի պահանջը, բայց զանազան պատրվակներով հետաձգում է, մինչև իր զորքերի և գերիների հետ դուրս է գալիս Ղարաբաղի սահմաններից։

Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը հասկանում են, որ վրաց ընչաքաղց իշխանը դիտավորություն ունի մեծագումար փրկանք ընդունել Փանահ-խանից և նրա երկու մելիքներից, և այնուհետև նրանց բաց թողնել։ Այդ առիթ է տալիս սաստիկ հակառակության, հայ և վրաց դաշնակցությունը քանդվում է, և Մելիք-Աթամը ու Մելիք-Յուսուբը վիրավորված բաժանվում են Թեյմուրազից։

Բայց Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը այն տեսակ մարդիկներից էին, որ չէին կարող անպատիժ թողնել խաբեբային։ Նրանք իսկույն դիմում են Շիրվանի կառավարիչ Հաջի-Չելեբի[1] անունով

  1. Հաջի-Չելեբին ծագումով հայ էր։ Տասն և յոթերորդ դարու վերջերում, Շիրվանի Ղաբալա կոչված գավառի Սոգութլու գյուղում բնակվում էր Բարսեղ անունով մի քահանա, որին թուրքերը կոչում էին «ղարա-քեշիշ» (սև քահանա)։ Դա գաղթական էր Ղարաբաղի Խաչեն գավառից և տեղային մելիքների տոհմից էր։ «Սև քահանան» իշխանական փառասիրություն ուներ, դիմեց Սպահան պարսից շահից մելիքության ֆիրման ստացավ։ Բայց նա ուներ մի հակառակորդ՝ Մելիք-Մուհամմեդ անունով Ղաբալա գավառի Ղուրթղաշին գյուղում, որը թույլ չտվեց «սև քահանայի» ստացած ֆիրման գործ դրվեր։ Այդ Մելիք-Մուհամմեդը, ինչպես երևում է, նույնպես հայոց ծագումից էր, բայց մահմեդականություն ընդունած։ «Սև քահանան» նույնպես ընդունում է մահմեդականություն, որ կարողանա իր ֆիրմանը գործ դնել։ Բայց հակառակորդը ավելի զորավոր է լինում և քահանայի կրոնափոխությունը անցնում է ապարդյուն։ «Սև քահանայի» որդին էր Ղասար-Ղուրբանալին, որը մի հասարակ մսավաճառ էր։ Իսկ այդ հասարակ մսավաճառից ծնվեցավ Հաջի-Չելեբին, որը Շիրվանի զորավոր խաների նախահայրը եղավ։