Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պոտյոմկինին շուտափույթ օգնություն հասցնել մելիքներին։ Նա էլ խոստանում էր ուղարկել Դերբենդ վեց գունդ զորք, ցանկացողներին ռուսաց հովանավորության ներքո ընդունելու համար։

Հիշյալ գաղթականության մասին Ռուսաստանի հայոց արքեպիսկոպոս Հովսեփը իր ընդարձակ տեղեկագրի մեջ, որը իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացրեց Եկատերինա ll կայսրուհուն, ի միջի այլոց գրում է հետևյալը,

«Սեպտեմբերի 19—ին, 1789 ամի Ղարաբաղի մելիքները, իրանց ստացած մխիթարական թղթերի համար, հայտնեցին ինձ հայոց արքեպիսկոպոսիս իրանց շնորհակալությունը, և իմացում են տալիս հետևյալի մասին.— թե իրանք, մելիքները, տեղեկություն են ստացել, իբր թե նորին պայծառափայլությունը, իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, հրամայել է գեներալ Պետր Աբրամովիչ Տեկելլուն, որ մելիքներին կանչե Ռուսաստան և թե հիշյալ գեներալ Տեկելլու կողմից այդ գործի մասին իրանց ոչինչ հաղորդած չէ։ Այդ պատճառով ինձանից (արքեպիսկոպոսից) հատկապես խնդրում են, որ նրանց ճիշտ տեղեկություն տամ։ Մելիքները հայտնում են ինձ իրանց մեջ վճռած բոլոր պայմանները իրանց պահանջների վերաբերությամբ և խնդրում են, որ նրանց իմացում տամ նորին պայծառափայլության բարի կարգադրության մասին։

Հիշելով այն խնդիրքները, որ իրանց նախնիքը մատուցել են Պետրոս Մեծին, և հիմնվելով կայսրի ողորմածության վրա, որ նա ցույց էր ավել նույն խնդիրքների առիթով, մելիքները այժմ նույնպես խնդրում են, որ իրանց թույլ տրվի գաղթել Դերբենդի կողմերը և այդ երկրները վավերացվին նրանց անունով որպես մշտական ժառանգություն: Իսկ եթե հարկ կհամարվի նրանց գաղթել Ռուսաստան, խնդրում են Վրաստանում գտնված ռուսաց զորքից օգնություն, որպեսզի իրանց ժողովրդի հետ միասին կարողանան անվտանգ կերպով հեռանալ Ղարաբաղի իշխանությունից։ Միևնույն ժամանակ հայտնում են, որ իրանց ամբողջ հասարակությունը, այդ երկու առաջարկության մեջ, համաձայնվելով մելիքների հետ, խնդրում են, որ նրանց տեղեկություն տան, թե արդյոք որտե՞ղ, ո՞ր երկրում նրանց հողեր կտան, եթե Ռուսաստանում, ուրեմն ի"նչ պայմաններով։ Մելիքները պահանջում են, որ բարեհաճեն վերահաստատելու իրանց ունեցած վաղեմի արտոնությունները, որ ամենահին ժամանակներից վայելում