Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընթցքում ստացել է այս և այն խորթ ներմուծությունը, կաշխատենք ինքներս ուղղել, առանց թույլ տալու մի օտարի միջամտությունը: Մենք մեր տունը մեր ձեռքով կնորոգենք, եթե հարկավոր կհամարվի։ Բայց միևնույն ժամանակ կպահպանենք կատարյալ ներողամտություն դեպի մեր այլադավան ազգայինները, և առանց վիրավորելու նրանց կրոնական զգացմունքը, կաշխատենք հասկացնել նրանց, որ մենք միևնույն ազգի զավակներ ենք, որ մեր ընդհանուր շահերը պահանջում են ազգային սերտ միություն, և ամեն ինչ որ հակառակ է այդ միությանը, պիղծ, վնասակար և աններելի է։

«Մշակը» խոսելով կրոնի մասին, միշտ ազգային կետից է նայել նրա վրա։ «Մշակը» կրոնափոխություն չէ քարոզում, ով որ այսպես է մտածում, նա կամ կույր է, կամ խարդախությամբ լի չարամիտ։ Եվ եթե «Մշակը» իր էջերը բաց է արել Ամիրխանյանցի, Կիրակոսյանցի և Մարկոսյանցի առջև, այդ չէ նշանակում, թե նա դառնում է գործիք զանազան «որսորդների» ձեռքում, որպես պնդում են ոմանք։ Մի լրագիր, որ իրան նպատակ է դրել հաշտարար լինել ազգի անջատված, թշնամացած և խորթացած անդամների մեջ, նրա պարտքն է լսել և հրատարակել յուրաքանչյուրի խոսքը։ «Մշակի» մեջ կարող են գրել, որպես լուսավորչական, այնպես էլ կաթոլիկ, բողոքական, մահմեդական և հունադավան հայերը,— նա ազգային օրգան է և ոչ եկեղեցական։

Մենք Ամիրխանյանցներին և դրանց նմաններին ազգի թշնամի չենք համարում, մենք ազգի թշնամի ենք համարում այն զզվելի հայերին, որ հայերեն չեն խոսում, որ հայերեն չեն կարդում, որ Հայաստանի վրա չեն մտածում, և միայն տարին մի քանի անգամ հայոց եկեղեցին մտնելով, հայ քահանայի ձեռքից հաղորդություն են ընդունում և դրանով իրանց բոլոր պարտքը կատարած են համարում։ Մենք ազգի թշնամի ենք համարում այն կարճամիտ ազգասերներին, որ լուսավորչական եկեղեցուց դուրս հայ չեն ճանաչում։ Ի՞նչ կլիներ այդ վերջինների կարծիքով, եթե հայերի մեծ մասը մի ժամանակ բողոքական կդառնային, կամ մի ուրիշ կրոն կընդունեին, իսկ ազգի փոքրամասնությունը միայն կմնար հավատարիմ լուսավորչական եկեղեցուն,— ուրեմն այդ փոքրամասնությունը միայն պիտի կազմեր մեր ազգությունը։

Մեզ ասում են, թե հայր լեզու չունի, թե հայը հայրենիք չունի, թե նրա լեզուն, հայրենիքը և ազգային բոլոր