Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքից Խոթա վանքի՝ լայնատարած կալվածները, որոնց, միևնույն հանգամանքների պատճառով, որպես Ղարաբաղի մյուս վանքերի կալվածները, անիրավությամբ տիրել էին:

Այս անգամ միտրոպոլիտի հակառակորդները բավական զորավոր և ազդեցության տեր անձինք էին։ Բայց տոկուն և ամեն դժվարություններից չհուսահատվող Բաղդասարը, մի քանի տարի շարունակ դատ վարեց խանի դստեր և մյուս բեկերի հետ, մինչև կարողացավ վերջապես նրանցից հետ խլել հիշյալ վանքի կայվածները, որոնք մոտ 150,000 դեսյատինի չափ ընդարձակությամբ տարածվում են Թարթար գետի հյուսիսային և հարավային ափերի երկարությամբ և ընդհանուր անունով կոչվում են` Դոդխու-Քալբաջար, Լևա և Մարջումակ։ Իր դատավորության ծախքերի համար միտրոպոլիտը գործ դրեց մինչև 30,000 ռուբլի, որը այն ժամանակ մեծ գումար էր։

Խոթա[1]վանքի կալվածները, այդ միլիոնների արժեք ունեցող ազգային մեծ հարստությունը, կարելի է մի ամբողջ գավառ համարել։ Նրանց մեջ բացի հրաշալի, կուսական անտառներից, բացի ընդարձակ արոտատեղիներից և լեռներից, բացի լայնատարած և արգավանդ վարելահողերից, զետեղված էին թվով մինչև 100 գյուղեր։ Նրանց լեռների բարձրավանդակների վրա և հովիտներում թափառում էին թվով մինչև 20 զանազան խաշնարած ցեղեր, զանազան անուններով։ Դրանք Խոթա վանքին (այսինքն Ղարաբաղի հոգևոր իշխանությանը) չնչին հարկ էին վճարում, եթե ասեմ որքան,— շատ ծիծաղելի կլիներ…

Բաղդասար միտրոպոլիտը արդարև թողեց ազգի համար մի մեծ հարստություն, բայց նրա անպիտան հաջորդները հետզհետե վատնեցին այդ հարստությունը[2] ։

  1. Խոթա կամ Խութա վանքը գտնվում է վերին Խաչենի մեջ, Թարթար գետի ափի մոտ։ 1214 թվին իր սեփական ծախքով այդ վանքը հիմնեց իշխանուհի Արդու խաթունը Թադեոս առաքյալի անունով։ Չնայելով, որ մի ամենահարուստ լորդի չափ կալվածքներ ունի այդ վանքը, բայց, այսօր մեր ծույլ եկեղեցականների անհոգությունից, նա գտնվում է բոլորովին ամայի դրության մեջ և ծառայում է խաշնարած թուրքերի համար որպես գոմանոց։
  2. Մեր 1881 թվի Սյունյաց աշխարհի ճանապարհորդության մեջ, որը դեռևս ի լույս ըծայված չէ, մի օր կկարդան Ղարաբաղի վանքապատկան կալվածների դրության նկարագիրները ընդհանրապես, իսկ Խոթա վանքի կայվածների բարբարոսաբար վատնումը մասնավորապես։ Իսկ առայժմ այսքան կասենք, որ Բաղդասար միտրոպոլիտի վախճանվելուց հետո, էջմիածնի բարձր հոգևոր իշխանության անհոգությունից, և Ղարաբաղի թեմական առաջնորդների մի քանիսի կաշառակերությունից, Խոթա վանքի կալվածների մի մասը դարձյալ անցավ