Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ է նշանակում՝ կրոնական համայնքից ճանաչվեցան որպես ազգ։ — Այդ նշանակում է՝ մի ցեղական ամբողջություն, որի մեջ կան և կարող են լինել զանազան կրոններ և եկեղեցիներ։

Այդ կոչմանը արժանի լինելու համար պետք էր ցույց տալ, որ դա իսկապես այդպես է, որ մենք ազգ ենք, և այդ ազգի մեջ կան զանազան եկեղեցիներ՝ լուսավորչական, բողոքական, կաթոլիկ, հունադավան և մահմեդական: — Եվ այդ կազմակերպությունից ինքնըստինքյան պետք է առաջ գար կրոնական ներողամտությունը և համոզմունքի ազատությունը, որպեսզի ազգային միության գործը կատարյալ լիներ։

«Մշակը», որ շատ առաջ քարոզում էր այդ ցանկալի միությունը, Բեռլինի դաշնագրից հետո ավելի եռանդոտ սկսեց արծարծել նրան, որովհետև այդ միության մեջն էր տեսնում ազգի փրկությունը և Հայաստանի բախտն ու ապագան։ Բայց գտնվեցան մարդիկ, որ սկսեցին հակառակը քարոզել կամ մեր բռնած ընթացքը ծուռ ու սխալ կերպով բացատրել։

Մենք այսպիսիների հետ գործ չունենք, մեր գործը մեր ազգի բարեմիտների հետ է։ Մենք անդադար պիտի մտրակենք այն չարագործներին թե կաթոլիկ լինեին, թե լուսավորչական, թե բողոքական և թե մահմեդական, որոնք կրոնի պատճառով մեր ազգի միության գործի մեջ երկպառակուռություն են ձգում։ Եվ մենք սիրով կհամբուրենք մեր այն եղբայրներին, առանց դիպչելու նրանց կրոնին, որոնք միայն հայության և Հայաստանի անունով կգործեն, և հայ ազգի շահերը կպաշտպանեն։

Մենք մեկ ազգի որդիներ ենք, մենք միևնույն ընտանիքի զավակներն ենք։ Կրոնը, որ մի ժամանակ բաժանել էր մեզ, այժմ ազգի և հայրենիքի սերը պետք է միացնե։

Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց, և ոչ էլ լուսավորչականությունը մեզ իրավունք է տալիս հայ կոչվել։

Մենք հայ էինք, երբ հեթանոս էինք, և հայ կմնանք, երբ հազար անգամ կփոխենք մեր կրոնը։

Մեր ազգությունը չի կորչի,— երբ պահպանված կլինեն այդ բոլոր պայմանները, ինչ որ պետք են, ինչ որ անհրաժեշտ են մի ազգի գոյության համար։