Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարելի էր համարել մեր նոր ժամանակների պատմության համար։ Հեղինակը, Աղվանից Եսայի կաթողիկոսը, ինքը լինելով Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700—1728) գլխավոր պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը։

4) Դավիթ-բէգ. Պատմութիւն Դավիթ բէգին և պատերազմաց հայոց Խափանու որք եղեն ընդդէմ թուրքաց ի մերում ժամանակի, այն է յամի տյառն 1722 և հայոց 1171։ Վաղարշապատ, 1871։ Այդ հետաքրքիր պատմության հեղինակը մինչև այսօր մնում է անհայտ. ձեռքից ձեռք անցնելով, հեղինակի անունը եղծվեցավ։ Ես այժմ անտեղի եմ համարում խոսել այդ մասին, միայն կհիշեցնեմ հայկական առածը, «գողը գողից գողացավ, աստված տեսավ, զարմացավ…»

5) Աբրահամ կաթողիկոս կրետացի։ Պատմութիւն անցիցն իւրոց և Նադիր-շահին պարսից։ Վաղարշապատ, 1870։

6) Գիլանենց Պետրոս դի-Սարգիս: Ժամանակագրութիւն 1722—1723։ Հայերեն բնագիրը, որ տպված է եղել «Կռունկ Հայոց Աշխարհին» ամսագրի 1863 թվի տետրակներում, ձեռքի տակ չունենալով, ես աչքի առաջ եմ ունեցել այդ ժամանակագրության ք. Պատկանյանի ռուսերեն թարգմանությունը։ Ս. Պետերբուրգ, 1870։

7) Արղությանց-Երկայնաբազուկ Հովսեփ արքեպիսկոպոս։ «Ղարաբաղի ժառանգական տիրապետողների, որ կոչվում են մելիքներ, Ռուսաստան դեսպաններ ուղարկելու ստիպողական պատճառները և նրանց խնդիրքը նորին կայսերական մեծության Պետրոս Մեծից»։ Այդ հետաքրքիր պատմական գրությունը շարադրված է Ռուսաստանի հայոց վիճակավոր առաջնորդ Արղության-Երկայնարազուկ Հովսեփ արքեպիսկոպոսի աշխատությամբ և գեներալ ֆելդմարշալ իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտեմկինի միջնորդությամբ 1790 թվին ներկայացրած է Եկատերինա կայսրուհուն։ Այդ գրության հայերեն թարգմանությունը, Պետրոս Մեծի, Եկատերինա II և Պողոս I Ղարաբ. մելիք, շնորհված հրովարտակների հետ տպվեցավ 1858 թվի Մանդինյանցի «Մեղա Հայաստանի» № № 4, 5 համարներում, իսկ ռուսերեն բնագիրը կարելի է գտնել «Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа», ч. I, с. 165—201 и ч. II, с. 52—62. Այլև Сев. Архив, 1823, т. 6. № 10, с. 233: Նույն Հովսեփ արքեպիսկոպոսի նույն թվով (1790, 23 հունվարի) կազմած մի այլ