Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսել Մոսկվայի համալսարանի ուսանող պ. Գաբրիել Միրզոյանցի հետ, խնդրելով, որ հանձն առնե տպագրության հոգսերը, և հուսով եմ, որ առաջիկա տարվա սկզբի ամիսներում գիրքը պատրաստ կլինի։

Հարկ եմ համարում խնդրել պատվելի պարոններին, որոնք զանազան քաղաքներում հանձն են առել «Կայծերի» համար բաժանորդներ գտնել, չուշացնեն ուղարկել իրանց մոտ ունեցած փողերը, որով ավելի ևս նպաստած կլինեն գրքի շուտ հրատարակությանը։

ԻՄ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Բարեկամներիցս շատերը առաջարկում էին գրել մի պատմական վեպ։ Գրել պատմական վեպ, ինչպես Ալեքսանդր Դյուման էր գրում, շատ հեշտ գործ է։ Բայց գրել պատմական վեպ, ինչպես էբերսը գրեց իր «Եգիպտական թագավորի աղջիկը»—բավական դժվար է։

Պատմական վեպի մեջ հեղինակի երևակայության համար ընդարձակ ասպարեզ կա։ Ստախոսիր, որքան կարող ես, ով պիտի ստուգե, որ քո նկարագրները կեղծ են։ Բավական է անցը տեղափոխել մի քանի հարյուր, մի քանի հազար տարի առաջ, վեր առնել մի քանի պատմական անձնավորություններ և նրանցից ուզածիդ պես տիպեր ստեղծել։ Ընթերցողների հարյուրից մեկը միայն կարող է հասկանալ, որ այս տեսակ մարդիկ այն ժամանակ չէին ապրում, որ այս տեսակ կյանք այն ժամանակ չկար։ Այդ եղանակին էր հետևում Դյուման իր պատմական ռոմանների մեջ, թեև նրա գրքերը հետաքրքրությամբ կարդացվում էին։

Այսպես չէ էբերսի գիրքը։ Նա ժամանակի խորին հնությունից երևան է հանում մեր առջև մի անծանոթ աշխարհ իր կենցաղավարության բոլոր ճշտություններով. Ընթերցողը տեսնում է այդ գրքի մեջ կլասիկական Եգիպտոսը իր հրեշավոր պիրամիդներով և սֆինքսներով, իր վեհափառ ամազիսներով և պսամմետիխներով, տեսնում է վշտալի ստրկությունը, քուրմի և