Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդու կյանքի նպատակը չեն կազմում, բայց երգում ենք, թեև երգը իր տենդենցիայի կողմից դատարկ է, բայց իբրև բանաստեղծություն գեղեցիկ է։ Այդ օրինակները մեջ բերելով, ես ինձ ամենեին կուսակից չեմ համարում այն մտածողների հետ, որոնք ընդունում են գեղարվեստը միայն գեղարվեստի համար։ Գեղարվեստը միայն այն ժամանակ պետք է կատարյալ համարել, երբ արհեստի գեղեցկության հետ միանում են բարձր, վսեմ և հանրամարգկային գաղափարներ։ Բայց այդ բարձրը, այդ վսեմը, այղ հանրամարդկայինը այնքան վիճելի բաներ են, որքան հայացքների և կարծիքների տարբերություն կա մեր աշխարհում։ Ինչ որ մեկի կարծիքով օգտավետ է, բարի է, մյուսի կարծիքով կարող է չար և վնասակար համարվել։ Ինչ որ մեկի ճաշակով գեղեցիկ է, վայելուչ է, մյուսի ճաշակով կարող է տգեղ և անվայել երևալ։ Այդ պատճառով կրիտիկոսի անձնական հայացքները, նրա սեփական կարծիքները չեն կարող չափ լինել ընդհանրության համար, երբ նրանք հիմնված չեն ժամանակի լուսավոր և առաջադեմ մտածությունների վրա։

Շատերը վիճել են այն հարցի մասին, թե ազգերի գրականության մեջ արդյուք կրիտիկան առաջ է ծնվում, թե նա հայտնվում է միայն այն ժամանակ, երբ գրականությունը ծնունդ է առնում և մի որոշ հասակի է հասնում։ Ես այդ վեճը վճռելու նպատակ չունեմ, միայն այսքանը կասեմ, որ քննելու հասար պետք է քննադատության առարկա լինի, երբ գրականությունը շկա։ կրիտիկա էլ լինել կարող չէ։ Դրանով պետք է բացատրել այն երևույթը, որ մեր մանուկ գրականության մեջ, սկսյալ Աբովյանից մինչև Րաֆֆին մի լավ կրիտիկոս չենք ունեցել։ Մեզանում սովոր են ամեն մի ռեցենզիա, ամեն մի հարևանցի կարծիք այս և այն գրական աշխատության մասին կոչել կրիտիկա։ Բայց կրիտի կայի նպատակը ինչպես վերևում հիշեցի, շատ բարձր է, շատ ընդարձակ է։ Երանելի՛ են այն հեղինակները, որոնք իրենց ժամանակներում հանդիպել են ճշմարիտ և խելացի կրիտիկոսներ եղել են տաղանդներ, մինչև անգամ հանճարներ, որոնք դարերով մնացել են անհայտության մեջ, մինչև դուրս է եկել մի կրիտիկոս և անմահացրել է նրանց բարձր նշանակությունը։

Այդ ընդհանուր դատողություններից հետո, ես դառնում եմ դեպի պ. Հայկունու կրիտիկան, որի քննադատությունը հոդվածիս նպատակն է։