Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրիշներն էլ արած լինեն: Միևնույն բանի և միևնույն ձևով կրկնելը ընթերցող հասարակության վրա կարող է լավ տպավորություն և օգուտ գործել (պ. կրիտիկոսը ծաղրում է)։ Արդ՝ պ. Րաֆֆին էլ, օգուտ քաղելով իրան այդ արդար իրավունքից… երկայն բարակ նկարագրում է «ս. Աստվածամոր վանքի ուխտավորներին» (եր. 362—380), թեպետև միևնույն նկարագրությունը ունի պ. Աղայանցը Շամշուլդայի ս. Աստվածածնի և Բոլնիսի ս. Գևորգին։ Միևնույն նկարագրությունը արած ունի և պ. Սարգսյանը («Շահենն ի Սիբիր») ս. Կարապետի ուխտավորներին»։

Լավ ուշադրություն դարձրեք։ Այստեղ պ. Հայկունին բոլորովին մերկ, առանց դիմակի, երևան է գալիս իր Յանուսի նման կրկնակի դեմքով,— մեկը ետևից, մյուսը առջևից և ժամանակի ու հանգամանքների համեմատ, նա այս և այն կողմը շուռ է տալիս։

Վերևում բերած առաջին օրինակի մեջ նա ասում էր, թե ինքը շատ ճանապարհորդների գրվածքներ է կարդացել, շատ ուխտագնացների հետ մանրամասն խոսակցություններ է ունեցել, հարցուփորձ է արել, բայց ոչ ոքից Րաֆֆիի նկարագրության նման մի բան չէ լսել։ Թե Րաֆֆին այդ իր պատկերով (ս. Տիրամոր վանքի տոնախմբության հանդեսի մասին) «վեր է առնում մի ցեխի ահագին կտոր և նրանով ծեփում է թե քրիստոնեական եկեղեցու պատերը և թե քրիստոսի պաշտոնյայի երեսը»։ Եվ այդ պատճառով նա խստիվ պահանջում է, որ հեղինակը գրավոր փաստերով ապացուցանի իր նկարագրությունները հիշյալ վանքի տոնախմբության մասին:

Վերևում բերած իր երկրորդ օրինակի մեջ, այդ բոլորը մոռանալով, ասում է նա, որ Րաֆֆիի նկարագրությունը ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ պպ. Աղայանցի և Սարգսյանցի նկարագրությունները՝ ս. Գևորգի, ս. Աստվածածնի և ս. Կարապետի վանքի տոնախմբությունների մասին։

Եթե այդ ճշմարիտ է, այլևս ինչո՞վ է Րաֆֆին հայոց եկեղեցու ու նրա պաշտոնյանների վրա ցեխ քսում։ Չէ՞ որ, առաջին ցեխը իրանց վեպերով քսել են պպ. Աղայանցը և Սարգսյանցը։

Եթե այդ ճշմարիտ է, այլևս ի՞նչ գրավոր ապացույցներ է պահանջում Րաֆֆիից պ. կրիտիկոսը, երբ որ գրավոր ապացույցների տեղը ինքը ցույց է տալիս, ինչպես են՝ պ. Աղայանցի և պ. Սարգսյանցի վեպերը։

Ստախոսները հիշողություն չունեն։