Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ. Հայկունին այդ բոլորը զրպարտություն է համարում աելով, որ ս. Տիրամոր վանքում ոչ «ընկավորներ» կան և ոչ «խեղճեր»։ Եվ այդ առիթով երկար Րաֆֆիի հակաքրիստոնեական և հակաեկեղեցական նկրտումները բամբասելուց հետս, պահանջում է, որ հեղինակը ուրիշ գրավոր փաստերով ապացուցանե, թե իր նկարագրությունները հիշյալ վանքի մասին ճիշտ են։ (Մի՛ մոռացեք, որ ինչպես նախընթաց համարում ցույց տվի, պ. կրիտիկոսը ինքը աշխատում էր ապացուցանել, որ Րաֆֆին իր նկարագրությունները գողացել է պ. Աղայանից և պ. Սարդսյանից, որոնք նրանից շատ առաջ նկարագրել են միևնույն երևույթները)։

Բայց այստեղ ինձ զարմացնում է երկու բան. առաջինը, օր պ. Հայկունին դատապարտում է թե՛ հեղինակին և թե՛ իր քննելի առարկան առանց նախապես ապացուցանելու նրանց անճշտությունը։ Մենք տեսանք, թե որպիսի մեղադրական ճառ կարդաց հեղինակի վրա, նախատելով նրան և պատմության տգիտության մեջ, և եկեղեցու դեմ թշնամության մեջ և այլն։ Երկրորդ, ավելի զարմանալին այն է, որ նա հեղինակի գրածները հերքելու համար, փոխանակ փաստերը ինքը առաջ բերելու, փաստերը հեղինակից է պահանջում։ Ահա նրա խոսքերը.

«Գիտեմ, իրավունք ունիք ասելու, որ ես ձեր վերջին գաղափարները — «խեղճերն» իբրև վանքի և վանականի նյութական — չհերքեցի։ Այդ միտքը ցրելու համար մի բառ անգամ չասացի։ Չասացի, որովհետև ձեր ասածներին հավատ չնծայեցի։ Դուք, պ. Րաֆֆի, այդ դեպքում մի գանգատավոր եք, իսկ ես պատասխանատու։ Թե քաղաքական և թե բարոյական օրենքների զորությամբ, պ. Րաֆֆի, գանգատատուն նախ` ինքը պարտական է իրան գանգատը փաստերով ապացուցանե, որ հետո պատասխանատուն էլ աշխատի իրան հերթում իրան փաստերը առաջ բերել։ Այդ պարզ հիման վրա, եթե դուք ձեր գրածները չհաստատեք, իմացեք, որ դատը կորցրած եք»:

Պ. Հայկունին նեղ տեղ բռնված կատվի նման պատեպատ է ընկնում և ինքն էլ չէ հասկանում, թև ի՞նչ է ասում։ Նա դիմում է հիմար սոֆիզմների։ Րաֆֆիին գանգատավոր է համարում, իսկ իրան պատասխանատու, և այդ հիման վրա Րաֆֆիից ապացույցներ է պահանջում։ Կարծես թե վեպի հեղինակը պարտավոր է իր գրածի յուրաքանչյուր տողի համար նոտարիուսի մոտ հաստատած վկայականներ ունենալ և ուղարկել ընթերցողներին, որ նրան հավատան։