Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցույց էին տալիս այն երկու պայծառ աստղերի վրա, որ ա՛յնպես հիանալի փայլում էին գեղեցիկ երկնակամարի վրա։ Լեյլիի սիրով գծված-ցնորված Մեջնունը, այդ անբախտ տարփածուն, այս չար աշխարհի մեջ չկարողանալով հասնել ըղձին, Աստված փոխադրում է նրանց համաստեղների կարգում։ Այնտեղ, ազատ և արձակ երկընքի մեջ դարձյալ խիստ անողորմ գտնվեց դեպի նրանց սիրահարությունը, որովհետև նրանք անչափելի տարածությամբ միմյանցից հեռու, այրվում վառվում են սիրո կրակով։

Բայց տարին մի անգամ, Սուրբ Համբարձման գիշերը տիրոջ հրամանով Լեյլին և Մեջնունը անչափելի ճանապարհ կտրելով՝ մոտենում են միմյանց, գրկախառնվում և առնում են իրենց կարոտը...։

Պառավ Մարթան քանի՜-քանի՜ տարիներ այն կախարդական գիշերին, շատ անգամ իրանց կտուրի վրա անքուն հսկել է, սպանելով այն ուխտյալ րոպեին, երբ այդ երկու աստղերը՝ անբախտ Լեյլին և Մեջնունը մերձենալով կհամբուրեին միմյանց։ Բայց միշտ մի ակամա թմրություն տիրելով նրան, անմասն էր կացուցել խղճալի Մարթային այն դյութական ժամի բոլոր գաղտնիքից։ Այնուհետև պառավ Մարթան անձնատուր եղավ տեսակ-տեսակ ճգնությունների, և սկսեց աղոթքով, ծոմով և պահեցողությամբ մաշել անձը։ Մի գիշեր սուրբ տիրամոր շնորհիվ տեսնում էր հանկարծ անհուն երկնքի երեսը շառագունեցավ. լսելի եղան հրեշտակային տաղերգներ քաղցրաձայն նվագների հետ, բնության խորին լռությունը կենդանացավ թռչունների անուշ մեղեդիներով, աստղերը սկսեցին երկնքից վարդեր թափել, օդի մեջ բուրեց անուշ խնկահոտություն, և պառավ Մարթան, զգաստանալով այդ նշաններից, աչքերը դեպ երկինք բարձրացրեց, տեսավ այն երկու հրաշալի աստղերը չափազանց պայծառացած՝ որպես երկու արեգակ՝ միմյանց մոտեցան...։

Նույն րոպեին բոլոր առարկաները, բոլոր ծառերն ու ծաղիկները, հանքերը, սարերը և քարերը—բոլորը լեզու ստացած սկսեցին շնորհավորել նրանց տեսակցությունը, պատմել բոլոր գաղտնիքները, որ բնությունը թաքցրել էր իրանց մեջ, թե իրանք ինչպիսի ցավի դարման կարող են լինել և ինչ էր իրենց գոյության խորհուրդը։Ահա այդպես պառավ Մարթան ճանաչելով մի քանի բժշկական խոսքեր, այնուհետև սկսեց հայտնապես, առանց որևիցե վարձատրության օգնություն հասցնել անճար հիվանդներին, և բժշկել թեթև ցավեր: Բայց այն չնչին վարձատրությունը, որ նա պարսկերեն կոչում էր