Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլոր այցելուներից ավել, պառավ Մարթայի գիտության մասին նրա ամուսինը մեծ համարում ուներ։ Այս պատճառով, նրա առտնին հասարակ խոսակցությունը յուր կնոջ հետ ավելի հետարքիր էր յուր սնահավատության հատկություններով։ Օրինակ, շատ անգամ, ծերունի Մկրտիչը, եկեղեցուց կյուրակե օրերը տուն դառնալով, երբ ճանապարհին գլուխը մի փոքր տաքացած է լինում «արաղ»-ով, ներս է մտնում և յուր խռպոտ ձայնով «ողորմի աստված» ասելով՝ նստում է թոնրի մոտ, յուր կնոջ կողքին։ Նա լուռ է- նրա երեսի խորհրդավոր գծագրությունը ցույց է տալիս, թե նա մի բանի մասին խորին կերպով մտածում էր։ Լռության մեջ նա տաղտկանում է, և բերանը մինչև ականջները բանալով հորանջում է, արձակելով մի դառն հառաչանք։— «Ախ, է՜յ, վա՜յ... աստված»: Այնուհետև ուշի գալով ծոցի գրպանից դուրս է բերում քթափոշու դեղին պարկը և լի բուռով, մանրած խոտը վեր է քաշում պնչածակերից: Քթախոտը, յուր կծու ներգործությամբ գրգռում է նրա քթի մկնակները, նա հազում է, կոկորդն մաքրում և թքում է։ Եթե ասաուծո հաջողությամբ նա փռշտում է՝ նա բոլորովին զգաստանում է և երեսին խաչ հանում. «նահլաթ քեզ չար սատանա» վրա է բերում և աչքերը ուշադրությամբ լարում է յուր կնոջ վրա, ասելով.

— Մի բան հարցնեմ քեզ, Մարթա։

— Ի՞նչ, ասա՛։

— Մեղրը պա՞ս է, թե ո՛չ։

Պառավ Մարթան պատասխանում է թե պաս է, որովհետև նա գոյանում է մեղրաճանճերից, որ արյունավոր կենդանիների դասից են։ Յուր խոսքը հաստատելու համար առարկում է թե, եթե մեղրը պաս չհամարվի՝ հավկիթն ևս պետք է ուտվեր, որպես բանջար ավելացնում է, թե շաքարը նույնպես պաս է և ուտելը մեղք, որովհետև պղծված է անասունների ոսկրանյութով։

Այդ միջոցին ծերունին բռնելով փոքրիկ Սալբիի ականջից ձիգ տալով նստեցնում է յուր կնոջ մոտ- Լսիր Սալբի և բան սորվե՛, ասում էր նրան։ Շատ անգամ պատահում էր, որ ծերունին, խռոված գիշերվա երազներով՝ առավոտյան զարթնում է սովորականից կանուխ, նստում է յուր քնաշորերի մեջ, և երկար ու ձիգ խոսքերով սկսում է Մարթայից հարցնել յուր երազի մեկնությունը։ Ապա սկսում է տեղեկանալ այլ երազների գաղտնիքները, թե ինչ էր նշանակում երազի մեջ սև խաղող ուտելը, հարսանիքի և թմբուկի ձայն լսելը, սառն ջրի մեջ լողանալը, կամ ի՞նչ խորհուրդ ունի ձախ աչքի վերնակոպի աջ ականջի ծայրի խաղալը և այլն։ Որոնց