Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանը ստանալուց հետո շարունակում է, երբ «ղարան» կոխում էր մի քնած մարդ, «ղարան» հալածելու համար «Հայր մեր» պետք է ասել, Հիսուս-Քրիստոսի անունը արտասանելու է:

Պառավ Մարթան ահ ու դողով խոսում է ծերունի Մկրտչի հետ «մահտարաժամեր»-ի մասին, թե ինչ խորհուրդ ունեին խոլերան, ժանտախտը, կամ ո՞վքեր էին գրողները: Նա հայտնում է, թե այս ինչ գյուղում, այս ինչ պառավը ման է գալիս գրողների հետ, և թե՝ գրողները կամեցել են զարկել Ավազակյանց մելիք-Պիղատոսին, բայց պառավը բարեխոսել է իշխանի կենաց համար։ Դրա համար մելիքը նրան երկու բեռ ցորեն էր բաշխել։

Փոքրիկ Սալբին յուր վարժուհու մոտ ոչ միայն կար ու ձև էր սովորում, այլև կարում էր գեղեցիկ ասեղնագործած նկարներ, պատրաստում էր յուր հարսանիքի հագուստը, որ նրա կյանքի հանդիսավոր օրերի փառավոր զգեստը լինելով լինելու էին- նրան գերեզմանի պատանքը։ Նույնպես պառավը սովորեցնում էր նրան բարոյական և իմացական խրատներ, որ անհրաժեշտ էին ամեն մինի առօրյա կյանքի մեջ։- Օրինակ,- ասում էր նա,- մի շուն, որ երկար ժամանակ ծառայում էր մի տան մեջ, երբ սատկում է, նրա գլուխը բակի դռան շեմքի տակ թաղելը օղուրով է (բարեհաջող է)։ Խուզած մազերը ոտքի տակ ձգես — գլուխդ կցավի, պետք է ջրի մեջ գցել։ Կտրած եղունգները մի բանի մեջ փաթաթած պատերի ճեղքում դնելու է, որովհետև մյուս կյանքում կպահանջեն։ Կրակի վրա սառն ջուր ածելը մեղք է։ Տաք ջուրը գետնի վրա ածելու լինիս - դևերը կբարկանան, պատահմամբ կթափվի նրանց երեխաների վրա, որոնք աներևութապես ման են գալիս տան մեջ։ Ագռավի կռնչալը արևամուտից հետո՝ չար բան է գուշակում։ Շների տխուր ոռնալը մահաբեր է։ Թոնրի կրակի բոցերի կամ թխած լավաշի սուլելով ձայն հանելը — սով կբերե։ Բայղուշի (բու) ձայնը-ավերում է գուշակում։ Մարին երբ աքաղաղի պես է խոսում, եթե նրա գլուխը չկտրես - տերը կմեռնի։ Պառավը շատ անգամ ասում էր յուր աշակերտուհուն զանազան սովորական բաների մասին. թե կաչաղակին ո՛վ է իմաց տալիս, երբ նա խաբարներ (լուրեր) էր բերում, աղունակի (աղավնու) միս ուտելը ինչո՞ւ է մեղք, ճնճղուկին ո՛վ անիծեց. կամ Սողոմոնը ո՞րտեղից էր սովորել թռչունների լեզուն, և ինչ գաղտնիք ուներ նրա մատանին։

Պառավը երկար խոսել գիտեր հրեշտակների, սերովբեների, քերովբեների, դևերի, սատանաների և «մեզնից աղեկներ» մասին։ Նա պատմում էր խիստ զարմանալի բաներ արքայությունից և