Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան չէին ավելացնելու, այլ կլինեին խորագետ դևիկներ, կորցնելով իրենց մաքուր և առաքինի վարքն ու բարքը: Բացի դրանից նա չէր հոժարում յուր աղջիկը մոտեցնել այն տանը, ուր ուսանում էր և նրա հանդերձյալ (ապագա) ամուսնացուն։

Օրիորդ Սալբիի բնական ընդունակությունը, տիկին Սալլաթինի անդադար ջանքը, պատճառ եղան, որ նա կարճ միջոցում սովորեց ոչ միայն հայոց հին ու նոր լեզուները, այլ բավականաչափ գաղիերեն և անգղիերեն։

Պարոն Աշխարունուն չմնաց և ոչ մի աշակերտ բացի Ռուստամից, բայց դժբախտաբար, Ռուստամը զուրկ էր այն ընդունակություններից, որ կարողանար ըմբռնել յուր վարժապետի սերմանած ազատ գաղափարները, ազատ և լուսավոր մտքերը կրոնքի մասին։ Նաև թույլ էր նա արհեստներ և լեզու սովորելու մեջ. նա ուսավ մի այն հայոց հին լեզվի քերականությունը, որով կարողանում էր հասկանալ յուր կարդացածը ու գիտեր մասամբ գաղիերեն։ Մյուս առարկաների մեջ նա առավելապես սիրում էր բանաստեղծությունը և հին ու նոր ազգերի պատմությունը, մանավանդ հունաց և Հռոմայեցվոց։ Նա խիստ ատում էր մաթեմատիկան, և թվաբանությունից` առաջին չորս գործողություններից ավելի բան չգիտեր։ Նա ավելի ախորժանոք կարդում էր դյուցազնական բանաստեղծությունը. Հոմերոսի աշխատությունները նրա ամենասիրելի գրքերն էին։ Ինքը նույնպես վատ չէր գրում և ոտանավորներ ու երգեր շարադրելու տաղանդ ուներ։

Ճշմարիտ կրոնագիտությունը, որ նա սովորեց Ավետարանի հուսով, չենք կարող ասել, թե բոլորովին մեղմեց և թուլացրեց նրա մեջ ընդաբույս վայրենի բնավորությունը, այլ նրա փոխարեն ներշնչեց նրա մեջ քաջազնական կոչված առաքինությունը։ Նա չէր մեղադրում Մովսեսին յուր ազգակիցը չարչարող եգիպտացին սպանելու համար, գովում էր մանուկ Դավթի քաջագործությունը, Գողիաթին սատակելու համար։ Նա երբեմն հակառակում էր փրկչի այն խոսքերին, թե մի երեսին զարկելու ժամանակ` մյուսը պետք է դեմ տալ. առավել հավանություն էր տալիս մովսիսական փոխարինությանը. «ակն ընդ ական»— «ատամն ընդ ատաման»:

— Ինչո՞ւ,— հարցնում էին նրանից։

— Որովհետև,— պատասխանում էր նա,— քանի մարդիկ պատրաստված չեն Ավետարանի սրբազան գաղափարները ընդունելու, քանի նրանց խղճմտանքը մեռած է, քանի նրանց սրտի մեջ չարություն կա, անկարելի է այդ կերպով վարվել նրանց հետ,