Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպով վշտացած լինելն էր, նրա համար, որ տիկին Թարլանը, հյուրերը քնելուց հետո, գիշերապահին ծածուկ մտնելով օրիորդ Սալբիի ննջարանը, անպատիվ կերպով կտամբել էր նրա անպարկեշտությունը, նրան միայնակ Ռուստամի հետ տեսնելու ժամանակ, և զարհուրելի խոսքերով անիծել էր նրան։

— Բայց Եվրոպայի նման լուսավոր աշխարհի ուսյալ և կրթված ժողովուրդը մի՛թե անխե՞լք է այդ սովորությունները չպաշտելու համար,— հարցրուց տիկին Սալլաթինը։

— Է՛հ, նրանց գլուխն ուտե իրանց կրթությունը...— երեսը թթվեցնելով պատասխանեց տիկին Թարլանը,— բայց դուք գիտե՞ք այն աշխարհի կանանց բարոյականությունը։

— Այո... Եվրոպայի կանայք իրանց լուսավորությամբ և մաքուր բարոյականությամբ — պակաս չեն մարդկանցից։

— Լա՛վ ես ասել՝ իրանց լրբությամբ և իրանց փտած ու ապականված բարոյականությամբ,— նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը։

— Ողորմություն արեք, խնա՛մի, այդպիսի արատներով նրանց բամբասելը պատշաճ չէ, նրանք շա՛տ խելոք և ուսյալ են,— կրկնեց տիկին Սալլաթինը։

— Ի՜նչ օգուտ... սատանաներն ևս շատ խելոք են, բայց այրվում են դժոխքում։

Սատանայի անունը տալուն պես, տիկին Թարլանը երկյուղած սրտով խաչակնքեց յուր երեսը, և աղոթքի նման մի քանի խոսք շշնջացին նրա շրթունքները։

— Այդ համեմատությունը բոլորովին անտեղի և սխա՛լ է,— խոսեց տիկին Սալլաթինը։

— Երևի դուք շատ բան չեք լսել Եվրոպայի կանանց մասին, խնա՛մի Սկուհի,— դարձավ դեպ նա տիկին Թարլանը, իբր թե չլսելով տիկին Սալլաթինի խոսքերը։— Ա՜խ, որքան անամոթ և համարձակ են նրանք... և ի՛նչպես աչք, բերան, երես, գլուխ, բազուկներ, կուրծքն ու ուսերը բոլորովին մերկ ու բաց՝ ման են գալիս փողոցների մեջ: Շռայլաբար զուգված, զարդարված, հազար ու մի պչրանքով պճնած, գրեթե որսում են իրանց սիրելի եղած տղամարդիկը, նրանց հեշտախոսությանց և չկտի ցանկություններին՝ իրանց անձը վաճառելու...: Ա՛յդ է պատճառը, որ նրանք առանց զանազանության, կեղծավոր հաճոյամոլությամբ՝ խոսում, ծիծաղում են ամեն մի անծանոթ մարդու հետ, որ նրանց ո՛չ բարեկամն է և ո՛չ էլ ազգակիցը,