Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմագրեր, Ֆիրդուսու Շահ-Նամեն, Թարգ-Նադրը, Հաֆիսի և Սադիի երգերը։

Ասիական սենյակների ամենազարդարուն կողմը վառարանի կողմն է։ Կրակի սրբազան պատիվը, ոչ քրիստոնեական և ոչ էլ մահմեդական դարերին չէ կորցրել յուր նվիրական պաշտոնը։ Ա՛յդ է պատճառը, որ վառարանը դրվում է սենյակի բարձրագույն ճակատում, որ համարվում է սենյակի պատվավոր նստատեղին և արժանավոր հյուրերը միշտ հրավիրվում են վառարանի աջ և ահյակ կողմերում նստելու։ Ռուստամի վառարանի մի կողմում քարշ էր տված Հայկի հսկայաձև պատկերը, իսկ մյուս կողմում — Արամի։ Նրանց մոտ կարգով շարված էին մնացյալ հայոց քաջերի՝ Պարույրի, Արշակի, Տիգրանի, Արտաշեսի, Վարդանի և այլոց պատկերները։

Ռուստամը բացի դրանից, այլ սենյակ չունի. նրա կյանքի բոլոր պիտույքները գտնվում են այդ սենյակի մեջ։ — Այդտեղ է նա գիշերները քնում, կարդում, երգում, և նվագում, այդտեղ է նա ընդունում յուր հյուրերը, այդտեղ է նա անցնում յուր կյանքի ուրախ և տրտում օրերը․․․։

Տխրության ոգին սև թևքերով գրկել էր տեր-Առաքելենց տունը: Նրանք ոչ միայն հարսանիքի պատրաստություն էին տեսել, այլև հրավիրել էին հեռու գյուղերից իրանց բոլոր մերձավոր ազգականները, հուսալով շաբաթ գիշեր պսակը կատարել տալ, իսկ կյուրակե, բարեկենդանի տոնախմբության հետ՝ վայելել հարսանիքի ուրախությունն ևս, երբ հանկարծ լսեցին այն բոթաբեր լուրը, թե առաջնորդի գործակալը հրամայել է պսակը չկատարել, «որովհետև կարոտ է խորին քննության»:

Ռուստամը միայնակ նստած յուր սենյակում, անձնատուր եղած մտավոր հափշտակության, յուր սիրածի կրակով վառված, այդ միջոցին տխուր և հուսահատ ձայնով երգում էր յուր տաղը.

Երբ մանկության անցան օրեր,
Եվ պատանու ստացա հասակ,
Անմեղ սրտումս դու առաջին
Վառեցիր ջերմ սիրո կրակ:

Դու աոաջին միտքը մանկական,
Որ սիրում էր խաղեր անգետ,
Հափշտակած դեպ քեզ թովեցիր,
Եղար մտածմանցս միջակետ: