Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թվի թե երազ առ աչոք...
Ամեն վայրկյան, ամեն րոպե.
Uիրուն պատկերդ աչքիս դեմ՝
Միշտ հարաժամ կհանդիպե։

Կարծես կախարդիչ զորություն
Կամ թե մի թիլիսմ դյութական
Գրավել են խելք ու միտքըս,
Միշտ քեզ սիրել, իմ աննման:

Միշտ քեզ սիրեք, միշտ քեզ պաշտել
Դու իմ աստված, դու իմ հույս,
Միշտ քեզ գովել, միշտ քեզ երգել,
Քանի կա կյանք, քանի կա լույս։

Գնում եմ արտ, հասկեր ոսկի,
Որ ցանեցի իմ ձեռքով,
Խշխշում են հով զեփյուռից,
Կարգում անունդ մեղմ ձայնով։

Երբ արշալույսի պահուն՝
Մտնում եմ կանաչ այգին,
Ո՜հ, բնությանն էլ ինձ հետ
Ներդաշնակե՛ նազելին։

Առվակի կարկաչուն ձայն,
Կանաչ խոտեր, ծառ և ծաղկունք
Լսեցնում են ինձ քո անուն՝
Հեզիկ հողմեր, երգող թռչունք։

Այն ի՜նչ օր էր, օ՜ր երջանիկ
Հազա՛ր անգամ տամ երանի.
Երբ ես տեսա արձակ դաշտում
Այն երկնային սիրուն հուրի։

Ո՛հ, այն օրը նվիրված էր
Ծաղիկների թագուհուն,
Որ նարկիզ, մեխակ, շուշան
Պեսպես վարդերով անհուն—

Հյուսել էր մի պսակ նախշուն
Պճնել գարունը հրաշափառ,
Եվ զարդարել աստուծո տուն`
Կամ բնության շքեղ տաճար: