Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուներ։ Այդ դժվարությունից նրան հանեց մահտեսի Ավետիսը յուր հարցումով.

— Ռե՛ս, դուք ի՞նչ եք կարծում:

Կեղծավորը օգտվեց հարմար պատեհությունից և իսկույն պատասխանեց.

— Ճիշտն ասած, ես իմ հոգու բնական տրամադրությամբ մի մազաչափ ևս չեմ կարող ծռվել ճշմարտությունից — պարոն Աշխահունու ասածը ուղիղ է։

— Ասենք թե ուղիղ է,— նրա խոսքը կտրեց պարոն Մելիքզադեն,— բայց ի՞նչ է մեր ճարը, հավիտյան մենք գերի՞ պիտի մնանք եկեղեցականների շահավաճառության։

— Ես ձեր ասածին համաձայն եմ. առաջնորդի գործակալի միտքը, պարոն Ռուստամի պսակը հետտձգելու մեջ՝ ուրիշ ոչին չէ եղել՝ բայց սոսկ շահավաճառություն,— պատասխանեց Ռես Վասակյանը կամենալով վարագուրել այդ կործանման խորհրդի իր մասնակցությունը։— Բայց, լսեցե՛ք, պարոններ. ես, որպես մի մարդ, որ սրտով ավելի մոտ է ձեզ, ես, որպես մի Ռես[1] որ ավելի գործ ունիմ մեր հասարակության հետ, թերևս ավելի ստույգ քան թե դուք՝ ճանաչում եմ մերայինների հոգին և նրանց, այսպես ասած — հիմար նախանձախնդրությունը։ Ձեր այժմյան դրության մեջ ձեզ անվայել է այնպես կտրուկ վարվել, որպես պարոն Մելիքզադեն էր խորհուրդ տալիս, որովհետև, մի այդպիսի տարապայման ձեռնարկություն այնքան խորթ է մեր ժողովրդի աչքին, որ նա իսկույն կկատաղեցնե մոլեռանդ և սնահավատ ամբոխը, ավելի ատելության տեղիք կտա։ Ուր մնաց, առանց այդ ևս, ձեր տարածած անաղոտ լույսը, տեսնո՞ւմ եք, ո՛րպես շլացնում և ծակոտում է ռամիկ խավարասերների աչքերը։

— Այդպե՛ս է, Ռես, բոլորովին այդպես է,— կրկնեց մահտեսի Ավետիսը։

— Առաջնորդի գործակալը պատճառ է գտել պսակը արգելելու,— առաջ տարավ Ռեսը,— ասելով, թե քննող քահանաները սխալված են եղել, օրիորդ Սալբիի և պարոն Ռուստամի մեջ եղած խիստ մերձավոր արյունակցությունը չնկատելով, որը, ըստ Հայաստանաց հայրապետադիր կանոնադրության — արգելում է պսակը։ Բայց այդ անտեղի գյուտը, ուրիշ ոչինչ չէ, բայց քարված որոգայթ, նյութական

  1. Ռես կամ Ռայիս — հովիվ, գլխավոր կամ իշխան. այսպես կոչվում են հայոց գյուղերի տանուտերերը, որ մելիքից ստորադաս են։ Թուրքերեն կոչվում են քյոխվա կամ քադխուդա: