Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգուտ` կամ այլ խոսքով — շահավաճառություն էր տալու․․․։

— Ավետարանի մեջ չկա մի այնպիսի կանոն, թե արյունակցությունը ամուսնության արգելք է, բացի մի քանի կանոններից, որ քեզ հայտնի են հին կտակարանից,—ասաց պարոն Աշխարունին հեղինակավոր ձայնով։— Եվ դուք, Ռես, ասացիք «մեր Հայաստանյաց հայրապետադիր կանոնադրության» համեմատ, ուրեմն մենք պետք է ընդունե՞նք բացի Քրիստոսից, մեր կրոնքի երկրորդ, երրորդ և այլն, և այլն հեղինակներ, որպիսիք են հայրապետները։

— Օրհնած, այդ ո՞ւր եք խոսում, նրանց խոսքը ընդհատեց մահտեսի Ավետիսը. դիցուք թե «հայրապետադիր կանոնները» ևս լինին սուրբ Ավետարանի մեջ. այդ «հայրապետադիր կանոնները» պիտի արգիլեն մերձ և սրբապղծական ամուսնությունները․ բա՛յց, ողորմություն արեք, իմ որդու արյունը Հովասաբենց արյունից բաժանված է՝ սկսյալ Նոյի օրերից։ Ամենևին ձեր բացատրության հետ համաձայն չեմ, պարոն Վասակյան, ես, այս անհիմն արարքի մեջ մի թաքնված գաղտնիք եմ նկատում...։

— Ես ոչ մի գաղտնիք չեմ տեսնում,— պատասխանեց Վասակյանը.— շատ է պատահում, որ վարդապետները, այդպիսի և դրա նման արգելքներ են հարուցանում՝ փեսայի հորից կաշառքներ ստանալու համար։ Այս էլ դրանցից մինն է։ Բայց, ասում եմ ձեզ,— խոսքը փոխեց նա.— քանի որ մենք մի հաստատուն հիմունք չունինք, քանի մեր գործի հառաջադիմությունը այս երկրում անկայուն դրություն ունի, մենք պարտավոր ենք ստրկաբար վարվել այդ տեր մարկոսների և տեր կիրակոսների հետ, մինչև որ մենք ունենանք մեր սեփական եկեղեցին և մեր առանձին քահանաները. ահա իմ վերջին խոսքերը, մնաք բարյավ, բարի գիշեր։

Ռեսը հեռացավ։

Յուր գնալուց հետո յուր մասին ոչ մի կասկած չթողնելու համար Ռես Վասակյանը, գործածելով մենք և մեր բառերը, կամենում էր ցույց տալ յուր միությունը, յուր գործակցությունը Աշխարունիի խորհրդի հետ։ Բայց նրան չհաջողեց որևէ համակիր համարում վաստակել՝ յուր հավատարմության մասին։

Ռեսի գնալուց հետո մահտեսի Ավետիսն ևս, տրտում և տխուր առավ ծխափողը և դուրս գնաց։

Ռուստամը, որ հոր այնտեղ եղած միջոցին լուռ էր, նրա գնալուց հետո ասաց.