Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ինչ եղավ եղավ, անցածի վրա ափսոսալը՝ երկրորդ կորուստ է. եկեք բարեկենդանի ուրախությամբ հալածենք այդ սև երեսների պատճառած անախորժությունները:

Պարոն Աշխարունին, յուր բոլոր սառնասրտությամբ, դարձյալ չկամեցավ ընդդիմանալ յուր աշակերտի կամքին։ Մինչ աշխուԺավոր և զգայուն Մելիքզադեն՝ մյուս կողմից ասաց.

— Ուրախությունը գինու մեջն է, եկեք ուրախանանք. ճշմարիտ որ բարեկենդան է։

Չթե սփռոցի վրա, սենյակի կենտրոնում դրվեց ընթրիքի սեղանը․ ասիական սովորության համաձայն — բոլոր կերակուրները մի անգամից սեղան մտան։ Ապակե մեծ սրվակների մեջ զանազան գինիներ դրվեցան պարոն Մելիքզադեի մոտ:

Պարոն Աշխարունին, գլուխը քարշ գցած, աչքերը խուփ՝ մի սրտառուչ և ազդու աղոթքով օրհնեց սեղանը, յուր աշակերտի և աշակերտուհու պսակի խորհուրդը հոգվույն սրբո ընտրողությանը թողնելով։

Հացկերույթը մի ամբողջ ժամ տևեց: Նրանք բավական գինու բաժակներ դատարկեցին. ավելի խմում էին պարոն Մելիքզադեն և Ռուստամը։ Վերջինն յուր վշտացած սրտի տխրությունը՝ գինու թմրության մեջ էր կամենում կորուսանել։ Երբ նրանց գլուխը բավական տաքացել էր, պարոն Մելիքզադեն մի-մի բաժակ գինի նրանց տալով, ասաց.

— Խմենք մեր խեղճ ազգի կենացը։

— Խմենք,— կրկնեց պարոն Աշխարունին, և ավելացրեց.— տեր աստված, պահպանիր հայոց ազգը քո ամենախնամ աջովդ, ուր ուրեք որ կան նրանք աշխարհի երեսին ուղարկիր նրանց քո սուրբ հոգվույդ շնորհը, թող ծագե նրանց հոգու մեջ Ավետարանի լույսը: Տեր աստված, հալածիր տգիտության խավարը այդ թշվառ ազգից, փայլեցրու նրանց մեջ մտավոր և բարոյական լուսավորության արեգակը։ Տեր, դու օրհնե մեր ազգը, մեր սուրբ հայրենիքը, և մեր ազգայնությունը անջնջելի պահպանիր՝ քանի արևը լույս է տալիս երկնակամարի վրա։

Պարոն Աշխարունու խմելուց հետո՝ Ռուստամը բաժակը ձեռքն առավ և օրհնեց.

— «Տեր աստված, դու վե՛ր կանգնեցրու մեզանից մի ծիրանազգեստ հզոր իշխան, տուր նրան ուժ և հաղթող գավազան. թող նա ազատե մեր ազգը գերության շղթաներից, թող նա վերականգնե Հայաստանը յուր ավերված փոշիներից և Ժողովի մեզ, որպես