Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լցրել էր օդը անուշ և թարմ քաղցրահոտությամբ: Փոքրիկ առվակները, գաղտուկ սողալով թավախիտ թփերի միջից, իրանց կարկաչյուն ձայնը խառնում էին երգող թռչունների ճլվլոցի հետ:

Դեռ մութ էր, դեռ գիշերը բոլորովին չէր վեր քաշել յուր խորհրդական ծածկոցը երկրի վրայից, բայց արշալույսը արդեն սկսել էլ շառագունել, և այդ սարերի հրաշալի պատկերները այնքան շռայլ և փառահեղ զարդարված բնության գրչով — սկսում էին հետզհետե տեսանելի լինել։

Հանկարծ ոսկի արևը դուրս բզբզաց թուխ ամպերի միջից: Նա հրդեհեց հանդիպակաց լճակի երեսը, և սարերի ձյունապատ գագաթները ներկվեցան ալ-վարդի գունով, և նրանց կանաչ կուրծքերը ոսկեզօծեց զառիկի փայլով։ Աննկարագրելի է, թե քանի զմայլեցուցիչ նվագներով թռչունների անհամար տեսակները սկսեցին բարովել տվնջյան լուսատուի գալուստը։

Բայց արևը գնալով բարձրանում էր դեպ հորիզոնի ավելի բարձր կամարակապը։ Ռուստամը թափառում էր սարերի մեջ, բայց տակավին չէր գտել և ոչ մի որս։ Տոթը ավելի և ավելի բորբոքում էր, բոլոր առարկաները, որոնց բնությունը տվել էր տեղափոխվելու և շարժվելու կարողություն՝ սկսան փախչիլ կիզող արևի երեսից և թաքնվել անտառի հովասուն խորքում, ուր նրա լույսը չէր թափանցում։

Կեսօր էր։ Կրակոտ երիտասարդը անդադար քշում էր յուր ձին, և չնայելով տոթի սաստկության՝ չէր կամենում դառնալ առանց որսի։

Հովիվները հավաքել էին իրանց հոտերը մի աղբյուրի մոտ, այն զովացուցիչ հովանիի տակ, որ լայն տարածել էր Ղարնիյարուղը։ Այդ հովանին գնալով ընդարձակվում էր, քանի որ արևը դիմում էր դեպ յուր մուտքը։ Նրանց ոչխարները թուլացած տոթից, գլուխները միմյանց կողքին խթած, ծուլորեն մակաղել էին։ Բայց հովիվները մի կողքի վրա ընկողմանած, գլուխները ցուպի և մախաղի վրա դրած — անհոգ և հանգիստ քնել էին, իրանց հոտերի պահպանությունը թողնելով ահագին գամփռ շներին, որոնք լեզուները երկար դուրս պարզած, արագ-արագ շունչ էին քաշում, և թոքին տալիս:

Հեռուն, հեղեղատի ափերի վրա, կանաչ արոտամարգերի մեջ, երևում էին խաշնարած ցեղի վրաններ։ Նրանց մատակ ձիերը արածում էին երկայն եղեգնաբույսերի մեջ, որ այնքան խիտ աճել էին հեղեղատի եզերքին: Թափառական ցեղի մանուկ օրիորդները նստած