Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց չարության դևը թուխս էր նստել Վասակյանի սրտի մեջ. նա՝ յուր անաջող ձեռնարկությունից հետո մըստր Սեյսունի տանում, օր ու գիշեր անհանգիստ մտածում էր նյութել մի նոր հնար, կատարելագործելու յուր եղեռնական խորհուրը։ «Այն որ չուզեց կատարել մարմնավոր բժիշկը, անշուշտ պիտի կատարե հոգևոր բժիշկը...», դարձյալ կրկնեց յուր մտքի մեջ կատաղի ուրախությամբ և սկսեց դիմել դեպ տեր Մարկոսի տունը։

ԻԲ

ՀՈԳԵՎՈՐ ԲԺԻՇԿԸ

Տեր Մարկոսը կանուխ զրկվեցավ յուր կնոջից, որ չթողեց նրա համար ոչ մի զավակ և հայ քահանաների դատապարտված իրավունքի համաձայն, նա չկարողացավ ունենալ երկրորդ կին. թեպետ, այդ մասին նա օր հանապազ չարաչար այրվում էր, անիծելով յուր կոչումը, թե ինչո՞ւ քահանա եղավ։ Նրա ամբողջ ընտանիքը բաղկանում էր երկու հոգուց։— Ինքը տեր Մարկոսը և նրա խեղանդամ ծառան, որ երկու ոտից կաղլիկ մի տղա էր, որը, եթե մի այլ տեղ կուշտ փորով ապրիլ կարողանար՝ երբեք հանձն չէր առնի ծառայել խստասիրտ տեր Մարկոսի մոտ առանց վարձի, տհաճությամբ տանելով այն բոլոր նախատինքները, հիշոցները և հայհոյանքը, որ քահանան տեղում էր նրա գլխին, ամենափոքր սխալմունքների համար։

Նրա տանը չկային ո՛չ շուն և ո՛չ կատու. քահանայի կարծիքով, սրանք կերածի չափ չէ՛ին ծառայում։ Այդ պատճառով, չարագործ մկները, ազատ գտնվելով իրանց սատակչի ազդեցությունից, ամեն գիշեր կատարում էին իրանց ուրախալի հարսանիքը, արձակ և համարձակ,— քահանայի մահճի չորս կողմը, և շատ անգամ՝ խաղ էին բռնում նրա փառավոր մորուքի և գլխի երկայն ծամերի հետ։

Նրա մաշված, հնացած տունը բաղկանում էր երկու փոքրիկ մրոտ սենյակներից, որ դրած էին ցածրիկ շրջապարսպի մեջ։ Ոչ մի խելացի մարդ, երբեք չէր համարձակվելու բնակվել մի այնպիսի խարխուլ և փլփլած շենքի մեջ, որը, ո՛ւր էլ որ մարդ նայելու լիներ՝ նրա աչքին կերևային ծակոտիք, սարդի հնադարյան ոստայն, հող և փոշի։ Երբ հարցնում էին տեր Մարկոսին, թե ինչու՞