Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խորամանկ էր՝ քան հարյուր սատանա։ Նա ակներև տեսնում էր Ռեսի խոսքերի մեջ մի թաքնված գաղտնիք, որ Ռեսը կամենում էր վարագուրել կեղծավոր խոսքերով։ Այլապես, նա քաջ ճանաչում էր Ռեսի հոգին — որը ոչ միայն հայոց ազգը, այլ բոլոր մարդկությունը պատրաստ էր վաճառել մի քանի փարայի, եթե նրան արծաթ տային։

Տեր Մարկոսը բռնեց Ռեսի ձեռքը, համակրաբար նայեց նրա երեսին, և ասաց.

— Պարոն Վասակյան, ավելի լավ կլիներ, եթե դուք բոլորովին բացեիք իմ առաջ ձեր սիրտը, միանգամայն հուսալով որ կգտնեիք իմ կարեկցությունը և իմ հաճությունը։

Ռես Վասակյանը մտածության գնաց, և ոչինչ չպատասխանեց։

— Ո՞վ է ձեր ասած մարդը,— հարցրուց տեր Մարկոսը։

— Մի՞թե դուք չգիտեք, թե ո՞վ է մեր ազգի և կրոնքի թշնամին։

— Այդպիսի մարդիկ շատ ունինք, դուք ասացե՛ք, թե որի՞ մասին եք խոսում։

— Պարոն Ռուստամը, տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսի որդին։

— Նա արդեն հիվանդ է, դուք թողեք աստուծո կամքին, գուցե աստված ինքը վերջ տա նրա կյանքին։

Բայց Ռես Վասակյանը վստահ լինելով, որ արծաթը ավելի գործակատար է քան աստված՝ դրեց տեր Մարկոսի առաջ մի քսակ լի ոսկով, միևնույն քսակը, որ նա առաջարկել էր մըստր Սեյսունին, անգլիացի բժշկին, որ նա յուր դարմաններով թունավորեր պարոն Ռուստամին։

— Ահա, այդ ոսկիները ձեզ պարգև. դուք կատարեցեք իմ խնդիրը,— ասաց Ռես Վասակյանը։

— Ինչ է ձեր միտքը,— հարցրուց քահանան շփոթվելով։

— Ձեր ձեռքով առավել դյուրին է սպանել նրան. դուք կարող եք անել այդ սուրբ հաղորդության միջոցով։

— Սուրբ հաղորդությա՞ն միջոցով... ո՞րպես։

— Դրա օրինակները քիչ չեն մեր ազգային պատմության մեջ... օրինակ՝ թույն խառնելով սուրբ հաղորդության մեջ, և այնպես մատուցանելով հիվանդին։

— Այդ դարձյալ սպանություն է... մեղք է...։

— Ես քանի քանի՛ փաստերով ապացուցեցի, թե մեղք չէ՝ դուք ընդունեցեք այդ ոսկիները։