Բայց Գոզեի ո՛չ պորտն էր ընկել, ո՛չ մորտը։ Նա մի ուրիշ փորացավ ուներ...։
— Ի՞նչպես է այժմ Ռուստամի հիվանդությունը,— հարցրուց նա ցավակցաբար։
— Ա՜խ, Ռուստամից ամենևին մի հարցրու, քույրիկ,— հառաչանք պատասխանեց պառավը։— Ռուստամը, դժվա՛ր մեկ էլ աշխարհ տեսնե...։
— Վա՜յ, իմ աչիկս քոռանար, այդ ի՜նչ եմ լսում,— ձայն տվեց միականի օրիորդը և սկսեց լալ։
Պառավի ցամաքած աչքերը նույնպես լցվեցան։
— Աստված մեզանից առել է...— ասաց նա գլուխը շարժելով։
— Բայց դուք, մայրիկ, դուք այդպես չէիք, դուք մեռելներ էիք ողջացնում, այժմ ի՞նչպես է, որ ձեր թոռան համար մնացել եք անճար։
— Ժամանակը փոխվել է․ այժմ ո՞վ է լսում ծերի խրատը...: Մի՛թե ինձ իմ կամքի՞ն են թողնում. մի քանի անաստվածներ հավաքված, չեն իմանում ի՞նչ են անում... մաշեցի՜ն, մեռցրի՜ն խեղճ երեխաս։
— Աստված փչացնե նրանց,— ասաց պառավ աղջիկը ավելի ևս կեղծավորվելով։— Բայց, մայրիկ,— խոսքը փոխեց նա,— երբ այդքան երկյուղ կա Ռուստամի կյանքի համար, գոնյա՛ դո՛ւք մտածեցեք սուրբ հաղորդության մասին։
— Բա՜, սուրբ հաղորդությո՞ւն... — կրկնեց խորհրդական ձայնով պառավը։— Ախ, վաղուց արդեն սուրբը և սրբությունը վերացել են տանից...։
— Բայց ինչ վնաս ունի, հիվանդի համար հոգևոր կերակուր է. մարմնին առողջություն և ցավերին փարատություն կտա։
— Դժբախտաբար իմ տան մեջ սնուցանվում է մի այնպիսի կրոնք, որի համար ո՛չ մի հայ քահանա հանձնառու չէ լինելու իմ տան մեջ կատարել յուր այդ սուրբ քրիստոնեական պարտքը։
— Բայց եթե դուք կամք կտաք, ես կհայտնեմ իմ եղբորը, նա կխնդրե տեր Մարկոսից, որ բարեհաճե հաղորդել ձեր հիվանդը։
— Դուք չափազանց կպարտավորեք մեզ։
— Այժմ մնաք բարյավ։
— Տեր ընդ ձեզ։
Բանսարկուի քույրը, ոգևորված ուրախությամբ, դուրս գնաց տեր-Առաքելենց տնից։ Նա գտավ եղբոր սենյակում՝ Ռեսը տեր Մարկոսի հետ միասին։