— Ի՞նչ եղավ,— հարցրուց նրա եղբայրը։
— Հուրի Խան-Դայան սիրով ընդունեց իմ խորհուրդը, և նա շնորհակալությամբ կընդունե քահանան, եթե կամենար հաղորդել նրանց հիվանդը,— պատասխանեց նրա քույրը։
— Շա՛տ բարի,— ասաց Ռեսը սառնությամբ, կամենալով ծածկել յուր ներքին ուրախությունը։— Շատ ուրախ եմ, որ այդպիսով մեր քրիստոնյա եղբայրներից մինը չէ կորչելու... միայն թե, Գոզալ, ասացեք խնդրեմ, Հուրի Խան-Դայան ե՞րբ ժամադիր եղավ քահանան ընդունելու։
— Արևմուտքից երեք ժամ անցած, որովհետև այդ միջոցին հիվանդի մոտ չեն լինելու յուր բարեկամները, որոնք կարող էին արգելք լինել։
— Շա՛տ լավ․ դուք, քույր իմ, այժմ կարող եք հեռանալ, ամենևին ոչ ոքի չհայտնելով, թե դուք այսօր եղել եք տեր-Առաքելենց տանը, և կամ խոսացել եք մի այդպիսի առարկայի մասին։
Գոզեն դուրս գնաց։
— Գիտե՞ք ինչ կա, տեր հայր,— խոսեց Վասակյանը, երբ նրանք մնացել էին միայնակ— լա՛վ է մտածել Հուրի Խան-Դայան, այո, պետք է մտնել հիվանդի մոտ մի այնպիսի ժամանակ, երբ բժիշկը, աշխարունիները, Մելիքզադեն այնտեղ չլինեին, եթե ոչ՝ մեր բոլոր հույսերը կորած են։
— Այդ առավել լավ է,— պատասխանեց քահանան բանիմաց մարդու եղանակով,— բայց վնաս ևս չունի, եթե նրանք այնտեղ գտնվին, որովհետև թույնը ա՛յնպես է պատրաստված, որ եթե, աստուծո հաջողությամբ հիվանդը շնորհ տաներ դեպի ստորին աշխարհը, դարձյալ կասկածել չէր տա մեր մասին։
Շուտով հասավ անբախտ երեկոն և արևմուտից անց երեք ժամը...։ Թանձր մութի մեջ երկու կետեր շարժվում էին դեպ տեր–Առաքելենց տունը։
— Դուք ներս գնացեք, տեր հայր,— ասաց մի ձայն,— ես մի փոքր կսպասեմ. թող չիմանան, մենք երկուսս եկել ենք միասին։
— Լա՛վ, դուք մնացեք այստեղ,— պատասխանեց երկրորդ ձայնը։
Բժիշկը կատարելով յուր երեկոյան այցելությունը, հեռացել էր։ Հիվանդի մոտ մնացել էր միայն պարոն Խոսրով Մելիքզադեն, երբ տեր Մարկոսը ներս մտավ։ Իսկ տանեցիք լսելով քահանայի գալուստը, շուտով բոլորը հավաքվեցան հիվանդի սենյակը։