—Ի՞նչ պետք է հիվանդին հաղորդել տիրոջ մարմնով,— մյուս կողմից, նրանց խոսքը կտրելով, մեջ մտավ պարոն Մելիքզադեն։
— Ի՞նչպես պետք չէ,— պատասխանեց քահանան մի փոքր բարկացած.— տիրոջ մարմինը մեզ համար և՛ հոգևոր, և՛ մարմնավոր կերակուր է. նա զորություն է տալիս տկարացած մարմնին։
— Այդ հիմարություն է,— կրկնեց մանուկ տղամարդը։
— Ի՞նչպես հիմարություն, մի'թե սուրբ Ավետարանը ամեն օր այդպես չէ՞ քարոզում մեզ։
Պարոն Մելիքզադեն կամենալով ճանաչել հայ քահանայի հայացքը սուրբ գրվածքի գիտության վրա, ավելորդ չհամարեց մի փոքր ավել խոսացնել նրան. այդ պատճառով հարցրեց.
— Դուք կարդացե՞լ եք, դուք գիտե՞ք ինչ է գրված սուրբ Ավետարանի մեջ։
— Հա՛... հա՛... հա՛... հա՛…— սկսեց ծիծաղել տեր Մարկոսը։— Դուք, պարոն, հարցնում եք ինձ, որպես մի վարժատան աշակերտի։
— Այո՛, հարցնում եմ, ի՞նչ է գրված սուրբ Ավետարանի մեջ։
— Սուրբ Ավետարանի մեջ — անթիվ և անհամար բաներ։
Զոր օրինակ․ Քրիստոսի կյանքի բոլոր պատմությունը. թե ո՛րպես նրան յուր երեխայության ժամանակ հանձներին հրեա Ռաբբիի մոտ — գիր և գիտություն սովորելու, և նա, առանց այբ և բենը դաս առնելու սկսեց կարդալ Թովրաթը։ Այնուհետև, ո՛րպես նա աշակերտ եղավ մի հյուսան մոտ, և յուր վարպետի պատվերին հակառակ՝ երեք կտոր կտրեց գերանը, որ պիտի երկու կտոր կտրեր, և թե՝ ո՛րպես զարմացավ վարպետը, տեսնելով, որ գերանի երեքմասի ամեն մեկ կտորը նույն չափը ուներ, որքան պետք է ունենար գերանի կեսը։ Եվ այնուհետև, ո՛ րպես նա աշակերտ եղավ մի ներկարարի մոտ և այնտեղ նույնպես ցույց տվեց յուր հրաշքը —մի կարասի միջից, որ կապույտ էր ներկում՝ դուրս բերելով անթիվ և անհամար գույներով կտավներ...։ Եվ թե, ո՛րպես նա ազատեց լճակում խեղդվող հեթանոս երեխայքը…։
Պարոն Մելիքզադեն նկատելով, որ տեր Մարկոսը յուր պատմությանը վերջ չէ տալու, կտրեց նրա խոսքը, ասելով.
— Երևի դուք չեք հասկանում սուրբ Ավետարանը, որովհետև այդպիսի առասպելներ նրա մեջ գրված չեն։
— Ապա «Մանուկ Ավետարա՞նը», հարցրուց քահանան։
— «Մանուկ Ավետարանը» ավանդությունների լոկ ժողովածու է։