Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդը, չհավատալով յուր ականջներին, պնդեց յուր սիրտը և մյուս անգամ հարցրուց.

— Ո՞վ եք դուք։

— Ձեր ընտանեկան պատմությունը, ձեր Հովասաբ նախապապի օրերից, ո՛չ բոլորովին ծածուկ է թողնում մի ժամանակ ձեր տան մեջ ծառայող Խլվլիկ անուն դևիկի ցավալի ավանդությունը։ Ահա կանգնած է նա ձեր առաջ, որպես ձեզ շնորհապարտ աղախին։

— Ի՞նչ շնորհ եմ ցույց տվել ես քեզ, երբ քո սարսափելի երեսը առաջին անգամն եմ տեսնում։

— Դուք այրեցիք իմ մոր ձեռքով ձեր տան մեջ թողած իմ գլխի մազերից մի հյուս՝ որի չարաչար գործադրությամբ Հովասաբենք միշտ չարչարել են ինձ, բայց դուք ազատեցիք Խլվլիկին յուր ծառայությունից, և այրելով այն խորհրդական մազերը՝ ջնջեցիք նրանց թիլիսմը։

Օրիորդը իսկույն մտաբերեց Խլվլիկի մասին առասպելական պատմությունը, և թե ո՛րպես ինքը այրել էր նրա մազերը, որ յուր մայրը գործ էր ածում զանազան կախարդությանը մեջ։

— Այժմ ի՞նչ ես դու կամենում,— հարցրուց նա։

— Ես հայտնվեցա հայտնելու, թե դևերը նույնպես ունին բարի սիրտ, և թե՝ նրանք կարող են վարձատրել իրանց բարերարներին բարի գործով։ Բայց լսիր, չքնաղագեղ օրիորդ. քո թշնամիները անթիվ են. նրանք ամեն ժամ և ամեն րոպե զանազան որոգայթներ են լարում, քեզ որսալու համար։ Նրանք հսկում են քո սիրած նշանածի կյանքի վրա. այս րոպեիս մի սևսիրտ քահանա, թույն պատրաստած հաղորդության սկիհի մեջ՝ պիտի մատուցանե քո Ռուստամին։ Դուք իմացում տվեք պարոն Մելիքզադեին՝ որ արգիլե սպանության գործողությունը։ Այդ լուրը ձեզ տալուց հետո, հայտնում եմ, որ, որպես մինչև այսօր, այսուհետև նո՛ւյնպես՝ Խլվլիկը միշտ պատրաստ է օգնել ձեզ փորձանքի ժամերին։ Նա թողնում է ձեզ յուր մազերից մի պուրակ, որը՝ երբ երեք անգամ շարժեք դեպ արևմուտք, իսկույն Խլվլիկը երևան կգա։

Այդ խոսքերի հետ նա վերցրեց օրիորդ Սալբիի պչրանքի սեղանի վրայից մկրատը, կտրից յուր գլխի սև հյուսերից մինը և դրավ սեղանի վրա։

Խլվլիկը աներևութացավ։

— Օրիորդ Սալբին, յուր տեսիլքը համարելով երևակայական