զարհուրելի խումբ, զինվորված խաբեբայության բոլոր հնարքներով, որոնց նպատակն էր կողոպտել, հափշտակել, սպանել։
Նրանք հեռացան Ռուսաստանի այն գավառները, որոնք ավելի հեռու էին մայրաքաղաքներից, բայց այնտեղ ճանաչելով մուժիկների (ռամիկ) մոլեռանդությունը և մանրահավատությունը՝ նրանք իրանց գործին մի այլ կերպարանք տվեցին։— Երուսաղեմից եկած հույն աբեղաների անունով, սև մազից կոշտ հագուստներ հագած նրանք սկսեցին ման գալ ռուսների տները, և պատմելով Երուսաղեմի աղքատությունը, և նրա թշվառությունը թուրքերի ձեռքում, շարժում էին ֆանատիկոսների կարեկցությունը դեպի սուրբ վանքը՝ և աննկարագրելի խաբեբայություններով— փող որսում։ Նրանք իրանց հետ շրջեցնում էին խաչեր, սրբոց մասունքներ, և փոքրիկ պատկերներ...։ Կարդում էին Ավետարան և այլ հոգևոր երգեր— իրանց հնարած լեզվով, և ծանր գներով վաճառում էին իբրև սուրբ վանքի հիշատակներ, ձիթապտղի կորիզներից հորինած տերողորմյաներ, սադափյա փոքրիկ խաչեր, որ իրանք էին շինում գիշերներով։
Եվ այդպես, շուտով կազմվեցավ աբեղայական մի կարգ՝ կերպարանագործված զարհուրելի խաբեբայությամբ։
Եթե աշխարհիս մեջ անիրավությունները և չարագործությունները արժան են որևէ գովասանության՝ Ռես Վասակյանը միայն իրավունք ունի վայելելու այն սև փառքը, պարծենալով այդ կարգի հիմնադրի անունով։ Պարծանք և հայերին. չէ՞ որ մենք էլ ենք ունեցել մեր...։
Խաբեբաների կարգը՝ գնալով ընդարձակվում էր, և նրանք օրըստօրե նոր անդամներ էին գտնում, Նրանք տարածվեցան երկրագնդի ա՛յն անկյունները, ուր ավելի տիրում էր մտավոր խավարը, ուր քրիստոնեությունը գտնվում էր մռայլոտ հեթանոսության մեջ։
Հնարել էին նշանախոսություններ զանազան տեսակի։ «Գեղի խոտ» նրանց բառարանում նշանակում էր միս: Երբ կամենային հասկացնել թե տանուտերը հիմար մարդ է, կարելի է կողոպտել, նրանք, իրենց սուտ ավետարանը կարդալուց հետո, շատ անգամ երգում էին այսպիսի և սրա նման շարականներ.
|