նստած յուր տան մեջ, հեղեղում էր յուր սրտի մեջ այսպիսի մտածումներ։
«Այդ փորձը նույնպես անհաջող անցավ...— ասում էր նա դիվական ափսոսանքով։— Հոգևոր բժիշկն ևս ոչինչ չկարողացավ անել... գուժաբեր ժամանակը հասնում է...» Այո՛, անցավ մեծ պասը, և այսօր Զատիկ է։ Ես նախանձով տեսնում եմ մարդկանց երթևեկությունը միմյանց տները, և նրանց՝ ուրախ սրտով միմյանց շնորհավորելը տիրոջ հարությունը։ Բայց իմ դռները այսօր փակ են իմ բարեկամների առաջ, որովհետև իմ մեջ սիրտ չէ՛ մնացել — ուրախանալու...։
«Ես խիստ թանկ գնով գնեցի բարեկենդանից մինչև Զատիկ յոթն շաբաթը՝ այն հիմար վարդապետից... բայց, ի՞նչ արինք մենք, ինչ գործ կատարեցինք — իսկապես — ոչինչ...։ Մեզ մնում է քառասուն օր ևս, երբ «զկնի հինանց», մեր հիմար պապերի ավանդության համաձայն — հարսանիք անելը թույլատրվում է։ Ա՜խ, եթե այս քառասուն օրերը ևս անցնենք առանց որևիցե գործ կատարած լինելու. առանց պսակելու մեր նպատակը, ո՜ւֆ, այդ մա՜հ է, մա՜հ...։ Ո՜հ, հեռացե՛ք, գիշերադեմ մտքեր...։ Ես մաղեցի բոլոր աշխարհը իմ օգուտը գտնելու համար, բևեռից բևեռ էի ես լարում իմ որսողության ուռկանները, բայց երբեք, և ոչ մի ժամանակ ես չմնացի անճար, ամեն ինչ հնարավոր էր դառնում ինձ համար, ո՜հ, ասես թե մի գերբնական զորությամբ բոլոր բնությունը հնազանդում էր ինձ...։ Բայց այժմ մնացել եմ անճար մի հպարտ և հաստատամիտ օրիորդի և մի հանդուգն, անագորույն տղամարդի ձեռքում։
«Սողոմոն-բեկը հիմար է, որպես գառնուկ․ նրանից կարելի է շորթել, ո՛րքան կամենաս...։ Բայց վա՜յ թե ես չկարողանամ որսալ նրա սրտի սիրուհին, այն ժամանակ, ո՜հ, կորա՛ծ են իմ բոլոր հույսերը...»։
Ռես Վասակյանը երկար մտածելուց հետո կանչեց յուր մոտ յուր քույրը։
— Քույրիկ,— ասաց նա կոտրած սրտով.— քեզ հայտնի է այն նպատակը, որի համար քեզ հանձնարարեցի ծառայել պարոն Աշխարունու աղջկանց վարժարանում. բայց դու մինչև այսօր չբերիր մեզ մի հուսալի լուր օրիորդ Սալբիի մասին։
— Ա՜խ, եղբա՛յր,— պատասխանեց հառաչանոք նրա քույրը.— օրիորդ Սալբին, ասես թե դևերից յոթն օր առաջ ծնված լինի, և սատանաների ծիծ է ծծել... Դու կարծում ես, թե նրա հետ