էին: Երբ հայտնել էր նրա որդու դրությունը.— թող մեռնի,— ասաց նա անգութ սրտով — գուցե հողը կպարտակեր այդ նզովյալ մարմինը։
Եվ նա բոլոր սառնասրտությամբ հառաջ տարավ հարցուփորձը գործակալից։ Ռեսը հեռացավ։
— Ղ... գյուղի ամբարը չափեցի՞ք,— հարցրուց մելիքը։
— Հրամեր եք,— պատասխանեց գործակալը, որ կանգնած էր ոտքի վրա։
— Գիտեմ, որ չափել եք,— կրկնեց նա,— բայց ո՞ր քոռով կամ սոմարով։
— Ոչ այն հասարակաց քոռով, որով միշտ առևտուր է լինում, և որով խոսացել եք խանի հետ, այլ մի բավականին մեծ քոռով։
— Ո՞րքան զանազանություն կանե։
— Հարյուրին տասն և հինգ բեռ։
— Խանի մարդը չհասկացա՞վ։
— Մինը հասկացավ, բայց ես նրա ափում դրի մի քանի աշրաֆի, հետո լուռ եղավ։
— Հա, ապրիս...— կրկնեց գոհությամբ մելիքը։— Միայն աշխատեցեք, մնացյալ ամբարներն նույնպես այդ քոռով չափվին։
Մի քանի րոպե տիրեց նրանց մեջ խորին լռություն։
— Գյուղերի նախրապաններին և հովիվներին ասացի՞ք, չորքոտանիների թիվը, որքան կարելի է, պակաս ցույց տան,— հարցրուց մելիքը։
— Ասացի, համարյա կես ու կես գցել տվի։
— Ի՞նչպես։
— Համբարքից մի օր առաջ տավարներն և ոչխարներն պահել տվի շրջակա գյուղերում։
— Այդ որ քո հին արհեստն է,— ծիծաղելով կրկնեց մելիքը։— Բայց թող երեսդ սպիտակ լինի։
Դարձյալ տիրեց լռությունը։
— Երկրաչափին տեսա՞ք։
— Հրամեր եք. պատվիրեցի որքան կարելի է, չվանը երկար անե։
Այդ հատուկտոր խոսակցությունը մեր ընթերցողին հասկանալի կացուցանելու համար ավելորդ չեմ համարում, մի քանի տեղեկություններ տալ նրան։
Մելիքը Զարեհավանում սովորություն ուներ ամեն տարի վարձով վեր առնել խանից մի քանի գյուղեր։ Եվ մի գյուղի վարձը որոշվում