Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եղբայր, ձեր մարգարեությունը կատարվեցավ. ես ստիպված եմ, իմ սիրուհու հետ, դուրս գնալ իմ հայրենի երկրից. դուրս գնալ, չգիտեմ ուր։

«Ու՞ր, կրկնելու եք դուք, հայի համար ամեն տեղ միևնույն է. հայի համար ամեն տեղ լույս է տալիս միևնույն մռայլված, խավարած արեգակը։»

«Արդարև, այդպես է... բայց ես չեմ գնում ուրիշ աշխարհներում բախտ որոնելու, ես գնում եմ փորձելու նոր անբախտություններ. ես գնում եմ տեսնել նորանոր անբախտ հայեր, լսել նրանց լացը, աղաղակը, նրանց ցավակից լինել, նրանց հետ արտասվել...:»

«Բայց հայրենիքը— այս ի՞նչ հիմար բառ է, որ գործածում եմ ես. հայի համար ո՞ւր է հայրենիք։ — Բայց հայրենիքը, ասես թե, ատում է ինձ. նա խորթությամբ նայում է ինձ վրա։»

«Եղբայր, այստեղ քահանան սրբության տեղ թույն է մատուցանում հիվանդին։ Իշխանները ավազակների խումբ են բանացնում։ Անկարգ շառիաթը իրավունք է տալիս մուսուլմանին խարդախ գրավաթղթով տիրել այրի կնոջ անշարժ կայքը։ Եվ մայրերը վաճառում են իրենց աղջիկները, ազատելու համար իրանց կորուսած ժառանգությունները, որ ապրեին։ Վասակները՝ օգուտ քաղելով մարդիկների տգիտությունից, որպես չղջիկները գիշերի խավարից, ծծում են իրենց զոհերի արյունը։ Եվ արծաթը բեկերի ձեռքում հրաշք է գործում...։»

«Ինձ երևում է, թե այդպիսի աշխարհի օդը թունավորված է և բնակիլ նրա մեջ անկարելի է:»

«Ինձ կասեն, այդ մի նոր բան չէ հայերի կյանքի մեջ. հայերի մեջ ամեն տեղ անպակաս են եղեռնագործ տեր Մարկոսներ, ավազակ մելիքներ, խաբեբա Միրզա-Ֆաթալիներ, փոփոխամիտ տիկին Թարլաններ, օգտածարավ վասակներ և այլն...։ Այդ իրավ, դրանք բոլորն կան։ Բայց հայերի մեջ ամեն տեղ դժվար կարելի է գտնել— սիրահարված ագահներ:»

«Ես ամենևին սառն սրտով դուրս եմ գնում այդ երկրից։ Բայց մի տխրություն, որ տանում եմ ինձ հետ՝ է այն, որ ես չկարողացա երկար ժամանակ իմ խաշնարածների հետ մնալ, և իմ բոլոր սկսածներս նրանց մասին՝ մնացին անկատար, իմ բոլոր խորհուրդներս նրանց մասին՝ և պիտի տանջեն ինձ գերեզմանում։ Բայց մյուս կողմից ուրախ եմ, որ նրանց համար թողնում եմ ձեզ նման մի ոգելից տղամարդ, որ կրում է իմ գաղափարներս, իմ հոգին...:»