Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միմյանց հետքից՝ կանգնած էին գյուղացիները։ Նրանց ամեն մեկը, բակի դռնից մտնելով, մինչև խանին մի փոքր մերձենալն, հարյուր անգամ գլուխ էր խոնարհեցնում, թեպետ գոռոզ բռնակալը ամենևին ուշադրություն չէր դարձնում նրանց։

Մի քանի մարդիկ գյուղացիներից իրանց գլուխների վրա բերեցին ահագին փայտյա սկուտեղներ, որ տվին մանկլավիկներին, որ նույնպես իրանց գլուխների վրա առած' ներս տարան, դրեցին խանի առջև։ Երբ ծառաները բարձրացուցին նրանց երեսներից շալ ծածկոցները, սկուտեղների մեջ դրված էին քաղցրավենիների անհուն տեսակներ, մեծ-մեծ շաքարների գլուխներ, թեյի կապոցներ և մի փոքրիկ ամանի մեջ լցրած ոսկի դահեկաններ— դիշքիրասիխանի ատամների վարձը, որով բարեհաճեր նա ընդունել նրանց բերած ընծան, և յուր ատամներին նեղություն տալով, հաճեր ուտել...

—Ի՞նչ նեղություն եք կրել, ես առանց դրանց շնորհակալ եմ ձեզանից,— ասաց նա հպարտությամբ աչքը ձգելով ընծաների վրա: — Դուք ձեր չափազանց հնազանդությամբ միշտ գթացուցել եք իմ սիրտը ձեզ վրա և իմ աչքը միշտ քաղցրությամբ նայում է ձեզ վրա:

Ժողովրդի միջից մի մարդ ևս չկարողացավ համարձակվիլ մի քանի բառ խոսել խանի առջև։ Միայն նրանք մինչև գետին երկրպագություն տալով, նրանց միջից լսելի էին այսպիսի խոսքեր.- « տերը թող երկար կյանք տա ձեզ, ձեր թուրը միշտ կտրուկ անե...մեր կյանքից կտրե ձերի վրա դնե...։»

Բայց մելիքը յուր երկար տարիների ծառայությամբ, մի փոքր համարձակություն ստացած լինելով խանի սպասավորության մեջ, ժողովրդի կողմից խոսեց այդպես.

—Քեզ մատաղ լինինք, վեհափառ խան, մենք ձեր ոտքի տակի հողն ենք և ձեր կոշիկների փոշին։ Տեր աստված ի պատիվ մեծ մարգարեին (Մուհամմեդին) թող օրհնե ձեր կյանքը. ձեր փառքը, ձեր կարողությունը և ձեր զորությունը՝ թող միշտ զորացնե: Մենք ու մեր որդիները, բոլոր գերդաստաններով՝ ձեր անարգ ծառաներն ենք, և դուք պետք է միշտ անպակաս անեք մեզանից ձեր կարող ձեռքի հովանավորությունը, ձեր բարեսրտության առատագութ ցողը, և ձեր մեծահոգի ողորմածության բարի խնամքը, որպեսզի մենք՝ հանգստություն գտնելով, մեր ծառայությամբ աշխատինք ձեզ համար։

Մելիքը լռեց: Բոլոր բազմությունը զարմանում էին նրա անվախ ճարտարախոսության վրա և գովասանում էին նրան, որ այնպես համարձակվում էր փափկացնել խանի սիրտը: