Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հավատացնում եմ ձեզ տասն երկու իմամների անունով,— խոսեց խանը, ձեռքում շարժելով յուր փոքրիկ գավազանը,— և երդվում եմ իմ պապերի սուրբ ոսկորներով, որ ես երբեք իմ սիրելի ծառաներից չեմ որոշելու ձեզ, և որպես իմ արժանահիշատակ պապերը միշտ խաղաղությամբ պահպանել են ձեզ, ես էլ աշխատելու եմ ևս առավել բաշխել ձեզ հանգստություն և բարօրություն։

— Աստված երկայն կյանք տա ձեզ,— գոռացին գյուղացիները,— մենք մեր աչքերից գանգատ ունինք, ձեզանից երբեք ոչ։

«Ողորմելի ժողովուրդ», խոսեց անլսելի ձայնով պարոն Ռուստամը, որ այն ժամանակ նստել էր բակի մի անկյունում, և նայում էր գյուղացիների ստրկական հնազանդությանը, և լսում էր նրանց փոքրոգի խոսքերը։ Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ` ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն։ Արդարև, այդպես է աշխարհի կարգը, երբ մեկը չէ կարող ինքնուրույն պահպանել յուր անբախտ գլուխը, յուր մարդկության ազատ անձնիշխանության մեջ, նա պարտավոր է խոնարհիլ ուրիշի թրի տակ, և աղաչանքով, կեղծավորությամբ, նրա կամքին գործիք դառնալով, պահել յուր գլուխը...։ Ահա այդպես է մեր ազգի վիճակը...։

Բոլոր բազմության մեջ քրթմնջոց ընկավ, թե ահա բերեցին Հովասաբենց Սալբին։

Եվ արդարև, երկու թուրքի կանայք, խանի հարեմատան պառավներից, իրանց կապույտ չարսավների մեջ փաթաթած, բերում էին մի այլ կին, սպիտակ չարսավով։ Երբ հասցրել էին նրան խանի հանդեպ, նա հրամայեց պառավներին բարձրացնեն նրա երեսի քողը։ Ի՞նչ զարմանալի փոփոխություն...: Երեսաքողի տակից դուրս երևաց մի այլանդակ և տգեղ կերպարանք, ներկված գորշ և մռայլոտ գեղնապղնձի գույնով, սովորականից շատ մեծ զարհուրելի աչքերով, որ վառվում էին գերբնական փայլողությամբ։ Այդ ահագին. բարձրահասակ մարմինը, յուր կերպարանքի սարսափելի գծագրությամբ, ոչ միայն վրդովեց խանի կատաղի բարկությունը, այլև միանսովոր եկյուղ ձգեց նրա սրտում։

— Դուք ինձ վրա ծիծաղում եք, դժոխքի ծնունդներ,— գոռաց նա պառավներին։

Պառավները սկսեցին զարհուրելի երդումներով հավատացնել խանին, թե այդ ճիվաղը միևնույն աղջիկն էր, որ խոստացել էին