Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարված երկրորդի կռան վրա, գցեց մի երրորդի ուսը։ Բայց տակավին ոչ մի վերք չէր ստացել նա։

— Տո, հեռվից թափանչով,— ձայն տվեց խանը, ինքը նույնպես բարկությունից վեր կենալով և իջանելով դահլիճից կռվողների մոտ:

Երբ որ նրանք, չկարողանալով մոտուց սրով զարկել նրան, կամեցան հեռվից հրացան գործիքներ արձակել դեպի նա, պարոն Ռուստամը առանց ժամանակ կորուսանելու, յուր թուրը պատենին հանձներ, և դուրս բերելով յուր գոտուց երկու թափանչա, մինը ուղղեց դեպի ֆերրաշները, մյուսը դեպի խանը, ասելով—դու հրամայում ես ինձ սպանել թափանչով, բայց քո ծառաները խիստ թույլ են երևում կռվի մեջ, ուրեմն առաջագույն դու ինքդ փորձիր իմ գնդակի զորությունը։

Խանը, նշմարելով անհրաժեշտ մահը յուր աչքի դեմ, և տեսնելով յուր ծառաների թուլասրտությունը, սկսեց կեղծավորություն գործի դնել։ Արդարև, նեղի ընկած միջոցին պարսիկը բացի կեղծավորությունից և խաբեբայությունից ավելի շնորհ չունի։

— Դու չե՞ս ամաչում, սևերես, որ քո խանի վրա ձեռք ես բարձրացնում,— ասաց նա։

— Ինձ համար ոչինչ զանազանություն չկա խանի և մի ստոր մարդու մեջ, երբ հարկավորում է պահպանել իմ կյանքը և իմ պատիվը,— պատասխանեց արիասիրտ Ռուստամը։

Նույն ժամանակ մի մարդ բազմության միջից դուրս եկավ, բռնեց պարոն Ռուստամի ձեռքը, ասելով.— ամա՛ն, Ռուստամ, իմ որդի, իմ աչքի լույս, խղճա քո ողորմելի հորը, բաշխիր այդ խեղճ ժողովրդին, որ բոլորը քո պատճառով պիտի վտանգի մեջ ընկնին, սանձիր քո բարկությունը, մտածիր, թե ինչ ծանր հանցանք ես գործում...

Մահտեսի Ավետիսը հանդարտացրեց որդու կատաղությունը և խլեց նրա ձեռքից թափանչաները։

— Ծերունիդ դու,— ասաց խանը մահտեսի Ավետիսին,— առ նրա զենքերը, ասա, թոզ գա իմ ձեռքս համբուրե, որ ես բաշխեմ նրա հանցանքը։

Մահտեսի Ավետիսը, հավատալով խաբեբա և խորամանկ պարսիկի խոսքերին բոլորովին զինաթափ արեց յուր որդին։ Խանը տեսնելով նրան առանց զենքի, հրամայեց յուր ծառաներին բռնեցին նրան և կապեցին թևքերը։ Նույն ժամանակ մի անմաս մանկլավիկ բարձրացրեց խանչալը և ուզում էր խրել պարոն Ռուստամի սիրտը:

— Քո ձեռքո՞վ պիտի սպանվեմ ես, լակոտ,— ասաց նա և յուր