Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի այդպիսի նախատինք կրած չեմ ոչ ոքից, ուր մնաց, մի պիղծ հայից, որ իմ հպատակս է, որ պատկանում է ինձ յուր կյանքով և արյունով։

— Արդար է ձեր հրամայածը, խան, բայց այդ մեծահոգի տղամարդը մի օր պարգևել է իմ կյանքը, և ես պարտավոր եմ անել նրան միևնույնը,— պատասխանեց սրիկան, պարոն Ռուստամի թևքերի կապանքներն արձակելով, առանց սպասելու խանի վճռին:

Մելիք Ավազակյանցը մեռնում էր ագահությունից, տեսնելով յուր ավազակները բռնել էին յուր թշնամու կողմը։

Խանր, մտածելով, որ այդ գործը կընդունե ավելի վատթար ուղղություն, հրամայեց բաց թողուլ կալանավորը։

— Ես և իմ ընկերները շնորհակալ եղանք ձեզանից,— ասաց սրիկան, և նրանք դուրս եկան Ավազակյանց բակից, իրանց հետ տանելով պարոն Ռուստամը։

Գյուղացիները նույնպես գլուխ տալով խանին, հեռացան— մինչև մնացին մելիքը և խանը երկուքը միասին։

— Ի՞նչ պետք է արած, մելիք, ես չեմ կարող տանել այդ անարգությունը,— ասաց խանը,— ես կմեռնիմ իմ սրտի կսկծից:

— Ես ինքս մնացել եմ շվարած,— պատասխանեց մելիքը հուսահատությամբ,- տեսա՞ր նրա գործը, տեսա՞ր նրա ընկերները:

—Ի՞նչ պետք է արած,— դարձյալ կրկնեց խանը տհաճությամբ։

— Դուք այժմ շատ վրդովված եք, խան, մի փոքր հանգստացեք, այնուհետև կխոսենք, թե ինչ պետք է արած։

Խանը յուր ծառաների հետ վեր կացավ և գնացին ամրոցը, որ քառորդ ժամու ճանապարհով հեռու էր Ծաղկավանից։

Բայց նախանձը և տհաճությունը ուտում էր, մաշում էր մելիք Պիլատոսի լերդն ու սիրտը, որ նույն րոպեին գտնվում էր զարհուրելի ալեկոծության մեջ։ Նա կարմրելով հիշում էր այն անցքը, որ Ռուստամի նման աղքատ տղամարդը (նրա կարծիքով հարուստները միայն պիտի ունենային ձայն և կշիռ)— յուր քաջությամբ արհամարհեց, որպես խանի բռնակալությունը, նույնպես և յուր բոլոր ջանքերը օրիորդ Սալբին կորուսանելու։ Նա մեռնում էր յուր բարկությունից, որ չկարողացավ յուր չարագործությունը կատարել։

Մինչ նա տարուբերվում էր յուր կատաղի ալեկոծության մեջ, նրան իմաց տվին, թե խանի հարեմատան ներքինիներից մինը կամի ձեզ տեսանել։ Նա հրամայեց որ ներս թողուն։