Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենից, ինչ «սուրբ է և նվիրական» հայ կղերի տեսակետից։ Նա արձագանքում է Չերնիշևսկու մտքերին, կատարում է մեզանում նույն դերը, ինչ Պուշկինը, Հերմոնտովը, Միցկևիչը[1]։

Վիպասան Րաֆֆին պատասխանեց իր ոխերիմ թշնամիներին հատուկ հոդվածներով «Փավստոս» ծածկանվան տակ[2]։ Ի դեպ, հարկ է ասել, որ «Կայծերի» հեղինակը իր տեսական հայացքները հիմնավորում է ռուս մեծ քննադատ Վ. Գ. Բելինսկու մտքերով, ետ է մղում Հայկունու պրովոկացիոն բնույթի հայտարարությունները, փորձում է «անհայտության մեջ ապրող» Ն. Գ. Չերնիշևսկուն և նրա հայ ընթերցողներին հեռու պահել կղերամիտների լրտեսական դանոսներից։

Ինչպիսի՞ն են «Կայծերն» իրականում։

Րաֆֆին այս վեպում ամփոփում է իր հայացքներն ու դիտողությունները արդիական կյանքի մասին։ Նա ակնարկում է, թե վեպը գրելիս նկատի է ունեցել 19-րդ դարի առաջին կեսին հայ ժողովրդի մեջ ծագած ազատագրական շարժումը։ Վեպն իր հիմնական մասերով հենակետ ուներ իրականությունը, իրական տվյալները։ Րաֆֆու հանրագիտական աշխատությունն է դա, տասնյակ տարիների ընթացքում նրա կատարած ճանապարհորդությունների, ապրած օրերի, նրան մինչև հոգու խորքը ցնցած հույզերի և մտքերի ընդարձակ և ամենալայն շարադրությունը։ Հեղինակի նպատակն է եղել ներկայացնել ազգային ազատագրական շարժման հիմքերը, բովանդակությունը, եղանակը և միջոցները։ Նյութի գեղարվեստական վերարտադրության ձևը՝ պատմաբանի, հնախույզի, հրապարակախոսի ներկայությունը վեպին հաղորդում են մի ուրույն ոճ, «Կայծերը» տալիս են երկրի ընդհանուր պատկերը, ընտանիքից սկսած մինչև դպրոց, հասարակություն, պետական կարգերի, տարբեր դասակարգերի և ազգերի գոյավիճակի նկարագիրը։ Խորին կապ կա «Խենթի», «Ջալալեդդինի», հեղինակի նախորդ երկերի և «Կայծերի» գաղափարական բովանդակության միջև։ Այդ է պատճառը, որ նոր վեպում կրկնություններ նույնպես կան, այստեղ հայտնված մտքերը Րաֆֆու ընթերցողին ծանոթ մտքեր են։ Սակայն հսկայածավալ նոր վեպը, միաժամանակ, մի նոր ու թարմ շարադրություն էր, հեղինակի նոր ընդվզումը հայ ժողովրդին ստրկացնող պայմանների դեմ։

Ֆարհատի անունից պատմվող մեծածավալ վեպը, սկիզբ առնելով Ատրպատականի նկարագրությունից, այնուհետև կենտրոն է դարձնում Արևմտյան Հայաստանը։ Շարժման մեջ մտնող Ֆարհատը աղքատ հայ գյուղացու որդի է։ Նա միանում է Կարոյին, Ասլանին, Սագոյին, որոնց բոլորին մանուկ օրերին այլանդակել էր տեր-թոդիկյան դպրոցը, բայց նրանք հեռացել էին այնտեղից աշխարհիկ կրթություն ստացել և այժմ նվիրվում են ժողովրդի ազատագրության գործին։ Որսորդ Ավոն նրանց ղեկավարն է։ Սրանք Վարդանի, Դուդուկչյանի, Սարհատի երկվորյակներն են։ Վեպը իր ամենածանր հարվածը հասցնում է պարսկա-թուրքական ֆեոդալիզմին, մերկացնում է ֆեոդալիզմի էությունը, դատապարտում է հայ հասարակության կառուցվածքի հին, նեխած հիմքերը—կալվածատիրություն, վաճառականություն, եկեղեցի, կղեր, դպրոց ու ընտանիք, ցույց է տալիս հարևաններին, նրանց տնտեսակարգը, պետական հետամնաց կարգերը։

  1. Տե՛ս այս մասին նաև Ա․ Կարինյանի հոդվածը «Րաֆֆին և իր ռեակցիոն քննադատը», ԳԱ-ի «Տեղեկագիր», 1954 թ․, № 6, էջ 39-50։
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու, տասներորդ հատոր, տե՛ս էջ 68-141, Երևան, Հայպետհրատ, 1959 թ․։