Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆու միտքը երբեք էլ մի կետի կառչած չի եղել։ Նա քաղաքական մտածող է, գրող ու հրապարակախոս։ Նա օժտված է էպոխայի, էտապի, մոմենտի, օրվա խնդիրներն ու պահանջները ըմբռնելու և զգալու սուր տաղանդով և երբ փոխվում էին հանգամանքները, փոխվում էին պայմանները, Րաֆֆին առաջարկում էր նոր մտքեր, նոր հայացքներ։ Այդպես էլ այն ժամանակ, երբ անցավ պատերազմը, փոխվեց դրությունը, եկավ մի այլ շրջան, Րաֆֆին հիասթափված նաև 61-րդ հոդվածից, հիասթափված և՛ Ստեփանի («Ոսկե աքաղաղ») հայկական հարցը Անգլիայում պրոպագանդելու մտքից, 1880֊ական թվականների սկզբին գրում է.—«եվ այն բարիքները, որոնցից մինչև այսօր զրկել էր հային բարբարոս Թուրքիան,—այն բարիքները, որ եվրոպական դիպլոմատիան այնքան ժլատությամբ է բաժանում հայերին,—հայի որդիները պիտի ստանան դպրոցական վարժապետի ձեռքից»[1]։

Լուսավորականության շրջանի գաղափարների արձագանքն էր այս վերջին հարցադրումը, որը կգա նաև հետագայում, երբ Րաֆֆին կգրի իր նշանավոր «Սամվելը»։ Բայց նա արդեն զբաղված էր «Կայծերով», երկնում էր իր նոր վեպը։

1880 թվականին Րաֆֆին իր նամակներում հայտնում է, թե արդեն ձեռնարկել է «Կայծերը» և որ «այս աշխատությունը բովանդակում է իր մեջ այն բոլոր սարսափելիքը, որոնց ենթարկված է Տաճկաստանի հայը»։ Վեպի լույս ընծայումը Րաֆֆին համարում էր դժվարին մի գործ, որովհետև ցարական ցենզուրան «սկսել էր բավականին խստությամբ վարվել դեպի ամեն մի գրվածք, որը կարող էր նրանց (արևմտահայերի Ս. Հ.) մեջ ազգասիրական զգացմունք և ազատասիրական ոգի ներշնչել։ Այդ մի բախտ էր, որ «Խենթը» անցավ, թեև նրա ամենագեղեցիկ տեղերը ջնջվեցան «Մշակի» մեջ տպվելու ժամանակ»։

«Կայծերը» լույս տեսան։ Սկսվեց մի իսկական արշավանք Րաֆֆու դեմ, որի գլուխը կանգնեց հայ ռեակցիոն մամուլը և կղերամիտ քննադատությունը հանձին Հայկունու (ավագ քահանա Գեղամյան)։ «Մեղու Հայաստանիի» և «Մշակի» միջև ընթացող երկարատև, սուր և կրքոտ պայքարը ցույց տվեց, որ Րաֆֆին և «Կայծերը» հայ կղերամիտ շրջաններին հասցրել էին կատաղության աստիճանին։ Սրանք մերժում էին «Կայծերը», իբրև «հերետիկոսական» դատապարտելի մի երկ, մամուլում բացահայտ ակնարկներ էին անում Րաֆֆու հասցեին, ձգտելով ամեն գնով մատնել նրան ցարական քաղաքական ոստիկանության ձեռքը։

Հայկունու և նրա համախոհների, հայ կղերի և հայ խոշոր կապիտալի վրա հենվող, ռեակցիոն խմբակի «մեղադրանքները» Րաֆֆու և «Կայծերի» դեմ, հանգում էին հետևյալին։

Րաֆֆին գոյություն ունեցող կղերական կրթական սիստեմի և եկեղեցու ախոյանն է։

Րաֆֆին ռուս «նիհիլիստների» (այսինքն՝ Չերնիշևսկու և նրա համախոհների. Ս. Հ․) գաղափարների քարոզիչն է։

Րաֆֆին բորբոքում է «ռամկամիտ ամբոխի» կրքերը, ցանկանալով այդ «ամբոխի բռնակալությունը» երկրի տերերի վրա։ «Կայծերի» հեղինակը «ծառայում է հայ ամբոխին»։

Րաֆֆին հետևում է Միք. Նալբանդյանին։ նա քարոզում է հրաժարվել այն

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, տասներորդ հատոր, էջ 36, Երևան, Հայպետհրատ, 1959 թ․