Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանց խոսակցությունը ընդհատում են տիկնոջ աղախիններն, որոնք, տեսնելով նա շատ ուշացավ, պտրում էին նրան։ Երիտասարդը տեսնելով նրանց, աներևութանում է ծառերի խավարի մեջ։

«Մյուս օրը տիկինը տուն է դառնում և այնուհետև այլևս չէ տեսնում այն նազելի պատկերը։ Նա միշտ երիտասարդի վրա է մտածում և միշտ նրան է տեսնում յուր երազներում․․․։ Երբ տաք միջօրեական պահուն տիկինը պառկած է յուր սենյակում, նրա սևամորթ աղախինը նստած է կողքին։ Աղախինը հեքիաթներ է ասում և հով է սփռում տիկնոջ երեսին, որ նրա քունն անուշցնե, բայց նա չէ կարողանում քնել, որովհետև մտածում է յուր Մեխակի վրա»․․․։


Գ

Տիկինը վերջացրեց յուր հեքիաթը։

Խափշիկն, որ բոլոր ժամանակը խորին համազդացությամբ լսում էր, կտրեց նրա խոսքն ասելով․

— Քո աղախինը հասկացավ բոլորը․․․ Մարջանը քո դարդին մի ճար կանե․․․

— Ի՞նչպես, Մարջան,— հարցրուց Զեյնաբ-խանումն ուրախանալով։

— Շուտով իմ տիկինը կտեսնե յուր Մեխակին այս սենյակումը․․․

Ուրախության լույսը փայլեց տիկնոջ տխուր դեմքի վրա, և նա մոռանալով յուրյան, բռնեց ստրկուհու ձեռքից հարցնելով․

— Մի՞թե...

— Իմ տիկինը դեռ չէ ճանաչել յուր աղախնին, նա ջիններից դաս է առել և շեյթանից ավելի գիտե,— պատասխանեց Մարջանը։

— Ուրեմն ես կարո՞ղ եմ նրան այստեղ տեսնել,— հարցրուց Զեյնաբ-խանումն անհամբերությամբ։

—Դու միայն շնորհիր քո ստրկուհուն յուր արձակման թուղթը, քո կամքը կատարված կլինի։

Խորամանկ խափշիկը, հարմար միջոց գտնելով յուրյան աղատելու, մտածեց օգուտ քաղել այդ առիթից։

Տիկինն,որ ամեն բան պատրաստ էր զոհել միայն յուր սիրածին կրկին տեսնելու համար, համաձայնվեցավ։