Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեխակի մասին։ Նա թեև համարում էր նրան սպանվածների թվում, բայց տակավին այդ մասին մի որոշ տեղեկություն չուներ։

«Մի անգամ, տիկինն յուր աղախիններով և ծառաներով գնում է յուրյանց մերձակա այգին, որ գտնվում էր քաղաքին մոտ։ Այնտեղ ընդարձակ լճակի ափին կանգնած էր մեծաշեն ամառանոց։ Գիշեր էր։ Տիկինը վերնահարկի բարձրությունից նայում էր դեպի լճակն, որի մեջ լուսնյակը խաղում էր արծաթափայլ շողքերով։ Երկար նա այնպես նայում էր և նրա սրտի մեջ զարթնում էին անցած, գնացած օրերի տխուր հիշատակները․․․: Նա ցած իջավ ապարանքի բարձրությունից և սկսեց միայնակ պտտել ծառազարդ ճեմելիքնելով և լսել թռչունների գիշերային ճռվռոցը։

«Հանկարծ հայտնվում է նրա առջև մի անծանոթ տղամարդ։

«Ի՞նչպես համարձակվեցար դու մտնել այստեղ»,— ասում է տիկինը և կամենում է կոչել ծառաներին, որ բռնեն նրան։

«Անծանոթ տղամարդը չոքում է տիկնոջ առջև և ասում է․— «եթե ճանաչեք ինձ, տիկին, չեք բարկանա իմ վրա։

«Տիկինն ուրախությունից շփոթվում է։ Ծանոթ ձայնը նրա կորսված Մեխակի ձայնն էր։

«Աստվա՜ծ իմ․․․— կոչում է տիկինը և գրկում է նրան։

«Մի քանի րոպե նրանք խոսք չեն գտնում միմյանց պատասխանելու։ Երբ փոքր-ինչ սթափվում են իրանց հոգեզմայլությունից, տիկինը տանում է երիտասարդին մերձակա հովանոցն, այնտեղ նստում են։

«Ի՞նչպես դու հայտնվեցար այստեղ,— հարցնում է նրանից տիկինը։

— Ես էլ գերիների թվումն էի,— պատասխանում է երիտասարդն,— ինձ գերի անող զորապետի բանակն անցավ մի քանի օրով առաջ, և մենք բաժանվեցանք միմյանցից։

«Իսկ այժմ ո՞րտեղ ես լինում,— հարցնում է տիկինը։

— «Ես կառավարում եմ նույն զորապետի — քաղաքիս Սար Ասքերի կալվածներն, իմ անունը կոչվում է այժմ Քերիմ-բեկ։ «Ուրեմն դու ուրացա՞ր կրոնքդ։

— «Ուրացա, Ալմաստ, որովհետև ճար չունեի, ուրացա միայն առերես։ Բայց մեր հայրերի կրոնքը միշտ վառ կմնա իմ սրտում. որպես քո սերը․․․

«Դու դեռ սիրո՞ւմ ես ինձ․․․— հարցնում է տիկինն անուշ բերկրությամբ։

— «Սիրում եմ, Ալմաստ․․․