Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի մռայլվում էր։ Կարծես թե նա սարսափելով սպասում էր ծերունի զորապետի վերջին խոսքերին։

— Այժմ իմ որդի,— ես այսուհետև այդպես պետք է կոչեմ քեզ,— ե՛կ ձեռքս համբուրիր, որ քեզ օրհնեմ։

Ներքին պատերազմն ամենասաստիկ կերպով խռովում էր երիտասարդի սիրտը։ Մի քանի րոպե նա տարուբերվեցավ անվճռականության մեջ։

— Աստված երկար կյանք տա ձեզ, իմ տե՛ր,— պատասխանեց նա շփոթվելով․— Ես պատրաստ եմ համբուրել ոչ թե ձեր ձեռքն, այլ և ձեր հողաթափները։ Բայց ինչ որ վերաբերում է Մահիին, այդպես շուտ չեմ կարող ընդունել մի այդպիսի առաջարկություն։

Զարմանցքը ծերուհու մեջ սարսափի փոխվեցավ, լսելով մի այդպիսի անսպասելի պատասխանը, նա հարցրուց անհամբերությամբ։

— Երևի դու չե՞ս սիրում Մահիին։

Երիտասարդը դարձյալ ընկղմվեցավ դժվարացուցիչ դրության մեջ։ Նա չգիտեր, թե ինչ պատասխանե։ Իսկույն ծագեցավ նրա գլխում մի միտք և նա վճռեց կեղծավորվիլ։

— Ես սիրում եմ Մահիին, իմ տեր, բայց նրա սերից ավելի ես պատվում եմ իմ ուխտը։

— Ո՞րպիսի ուխտ,— զարհուրելով հարցրուց ծերունին։

— Հերաթի կռվի դաշտումն, երբ հայտնեցիք դուք ձեր խոստմունքը Մահիի մասին, միևնույն րոպեին ես երդվեցա մեծ մարգարեի առջև, որ չպսակվեմ՝ մինչև Մեքկա ուխտավորության չերթամ։ Ես պետք է գնամ Մեքկա, ես պետք է մտնեմ Քաբայի տունը, համբուրեմ Մուհամմեդի գերեզմանը և հաջի դառնամ, որպեսզի կարողանամ դրանով սրբել իմ ձեռքերն այնքան արյուններից, որ թափել եմ ես...

Այս խոսքերն երիտասարդն արտասանեց այնպիսի մի ջերմեռանդությամբ, մինչ ծերունու սրտում ամենևին կասկած չմնաց նրանց ճշտության մասին։ Նոր իսլամը ընդունող այլակրոն երիտասարդի այդ մուսուլմանական զգացմունքն ավելի բարձր, ավելի վսեմ էր, քան թե Մահիի սերը և ամեն երկրային բան։ Այդ պատճառով ծերունին խոնարհվեցավ երիտասարդի այդ սուրբ կրոնական պարտավորության առջև։

— Երբ որ այդպես է,— խոսեց ծերունին,— ես չեմ շտապեցնի քո հարսանիքն, իմ որդի։ Ես նախ և առաջ մեծ պատրաստությամբ