Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանց մոտ մի կողմում դրած էին զանազան ոգելից ըմպելիքներ և նախաճաշելու ուտելիքներ։

Սալմանի երևույթը հայտնի վրդովմունք պատճառեց երկուսի վրա ևս և խանումը դադարեց պարելուց։

— Ինչո՞ւ եկար,— դարձավ նա դեպի պատանին։

Փոքրավորը պատմեց բոլորը, ինչ որ լսել էր Ֆերուզից։ Խանումը բոլորովին շփոթվեցավ։

— Ի՞նչ անեմ, աստվա՜ծ,— կոչեց նա խորին հուսահատությամբ։

— Անհոգ կա՛ց, Բագիմ,— ասաց երիտասարդը, անփույթ կերպով ծիծաղելով յուր հյուրի խռովության վրա։— Այդ առաջին անդամը չէ, որ դու ծուղակի մեջ ես բռնվում։

Իշխանուհին դարձյալ անհանգիստ էր։

— Իշխանն որտեղ էր գտնվում,— դարձավ երիտասարդը դեպի Սալմանը։

— Դիվանխանայի մեջ։

— Ո՞վքեր կային մոտը։

— Մի քանի խաներ և բեկեր,— ասաց պատանին տալով նրանց անունները։

— Ա՜, այդ դատարկապորտ անպիտանները նրա մոտ կմնան մինչև կես գիշեր։ Իշխանը դեռ յուր հյուրերին բերած որսիցն եղջերվի խորոված կուտացնե։ Հետո նրանք կսկսեն լըկել ու լափել, հետո խաղալ ու ամբողջ ժամերով յուրյանց հիմարությունները պատմել։

Սալմանը դուրս գնաց նախասենյակը, սպասում էր յուր տիկնոջը։

— Ինձ ի՞նչ օգուտ դրանցից,— հարցրուց խանումը վշտահար ձայնով։

— Այն օգուտն, որ իշխանը յուր սիրուն հարեմի օթյակը կը մտնե կես գիշերից մի քանի ժամ անցած, բայց տակավին չորս ժամ կա մինչև այդ անբախտ րոպեն։

Այսուամենայնիվ, ինձ պետք է գոնյա երկու ժամ առաջ այնտեղ գտնվիլ, որպեսզի կարողանամ պատրաստվել նրան ընդունելու։

Երիտասարդի ուրախ դեմքի վրա վազեց մի հեգնական ծիծաղ։

— Ա՜, այժմ իմացա, թե ինչու ես շտապում,— պատրատվելու համար... երեսդ կոկելու համար... մազերդ անուշհոտցնելու համար... աչերդ սուրմայելու համար... հոնքերդ ներկելու համար...