Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ պարոնի հետ պիտի դառնամ քաղաքը,— ցույց տվեց նա Քերիմ֊բեկի վրա։

— Մեզանից ո՛չ մինը քեզ հարկավոր չի՞ լինի։

— Դա բավական է։

Երբ ավազակապետը և Քերիմ-բեկը կամենում էին հեռանալ, Ալմաստը մոտեցավ և ասաց նրան.

— Չուշանաս, Մեխակ ջան, ինձ մենակ չթողնես. Մարջանին և Սայիդին բեր հետդ։

— Նրանց համար ենք գնում,— պատասխանեց Քերիմ-բեկը,— շուտով կդառնանք։

Ի

Ավազակապետը Քերիմ-բեկի հետ, դառնալով դեպի քաղաքը, գտան դարվազաները կողպված։

— Ո՞րտեղից մտնենք,— հուսահատությամբ հարցրուց Քերիմ-բեկը։

— Հեշտ է, ե՛կ,— ասաց ավազակապետը, և մինչև հիսուն քայլ բոլորեց շրջապարիսպը, և կանգնեց պատի մոտ։

Նա արձակեց յուր մեջքից երկայն մետաքսյա պարանը, որի գլխին ամրացուցած էր արճիճից մի գնդակ։

Ձգեց գնդակը դեպի վեր, պարանը բռնեց պարսպի ատամնավոր բարձրությունից, իսկ արճիճն իջավ ցած։ Ավազակապետը պարանի երկու ծայրերը ձեռքին բռնելով, սարդի արագությամբ վեր բարձրացավ պարսպի վրա։ Այնուհետև նա կրկին իջեցրեց պարանը և Քերիմ-Բեկը հետևեց նրա օրինակին։ Մի րոպեից հետո երկուսն էլ պարսպի վրա էին։ Այնուհետև նույն մետաքսյա սանդուղքի միջոցով նրանք իջան պարսպի մյուս կողմը։

Անցնելով նեղ, ոլոր֊մոլոր շուկաներից, շուտով նրանք հայտնվեցին իշխանի ամրոցի մոտ։

— Այժմ ի՛նչպես դուրս կանչել այդ սևերին, բոլոր դռները փակ են,— ասաց Քերիմ֊բեկը։

— Թե քնած չլինեն, հեշտ է,— պատասխանեց ավազակապետը։

— Ի՞նչպես։

— Ես նրանց լեզուն գիտեմ...։ Եկե՛ք։

Նրանք անցան հարեմխանայի պատի կողմը, որտեղից մոտ