Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգոց հանելով, — այդ անիրավը դուռը կկոտրե, շուտ արա՛, գնա՛, մի ուշացիր... ա՜խ, ե՞րբ պիտի ազատվենք այդ բեգարներից...— հառաչանքով ավելացրուց նա։

Վարթիկը ոչինչ չխոսեց, հնազանդությամբ լսեց մոր խոսքը և առնելով ալաղի խշբիկը և մի քանի ցամաք հաց, մի կտոր պանիր, թաշկինակի մեջ փաթաթած, կապեց մեջքին, և դուրս գնաց տնից։ Պառավ տատիկը, նստած թոնրի շրթան մոտ, ձգեց կրակը այդ նահապետական օջախի մեջ։ Նրա խորշոմած և ցամաքած դեմքը տխուր էր որպես ավագ ուրբաթի գիշերը, նա դառն կերպով հոգվոց հանելով սկսավ հառաչել.

— Ա՜խ, բարի աստվածը հոգիներս է՜լ չէ առնում, որ ազատվենք այդ չարչարանքներից... Ի՞նչ է մեր կյանքը... Ի՞նչ բանի պետք է նա... միայն նրա համար պիտի ապրինք, որ տունով, տեղով, որդիներով և աղջիկներով բանենք և գործենք խանի համար... մեզանից ավելի բախտավոր չե՞ն արդյոք վայրենի անասունները․ նրանք խան չունին, բեկ չունին, աղա չունին, նրանք ազատ են, նրանց առաջ միշտ բաց է աստուծո սեղանը...

Եվ արտասուքը խոշոր կաթիլներով սկսավ գլորվել պառավի ցամաքած աչքերեն։

Բայց Վարթիկը դուրս գալով գյուղամեջը, գտավ այնտեղ հավաքված մի խումբ յուր հասակակից, իրանից մեծ և փոքր աղջիկներ, նա խառնվեցավ նրանց հետ և գյուղատիրոջ ֆերրաշը անասունների նման սկսավ քշել նրանց դեպի խանի բրնձի դաշտերը։

Բ

Վարթիկը էր տասն և յոթ տարեկան օրիորդ։ Նա ուներ բարձր և ուղիղ հասակ, բնականից փափուկ, քնքուշ, սպիտակ, բայց արևից այրված և գորշ թշեր։ Նա ուներ սևորակ, նշաձև աչքեր, սև սաթի նման գանգրահեր գիսակ։ Նա ուներ կցած աղեղնաձև հոնքեր և վարդի թերթիկների նման նուրբ, բայց արևից խանձված շրթունք։

Նրա սևուկ դեմքը կրում էր յուր վրա բոլոր անկեղծ և անխարդախ գեղեցկությունքը վայրենի գծագրության։

Նրա չթեղեն թերմաշ գունից և ծաղիկներից զրկված հագուստը ոչինչ չէին արգելում այդ գեղջուկ հավերժահարսին առաջին