Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կաթ տա, մեծացնի, բայց առավոտյան վեր առնելով կողովը շատ զարմացել էր, տեսնելով պատանքած մի ահագին մեռել դրած էր կողովի տակին։

— Այդ ես էլ եմ լսել,—կրկնեց Նարգիսը։— Բայց դու գիտես դժոխքում որպես են նրանց չարչարում։

— Գիտեմ,— պատասխանեց Վարթիկը,— ասում են նրանց բերաններում կրակում կարմրացրած երկաթե գերաններ են կոխում, և գլխներին նույնպես կրակում կարմրացրած երկաթե արախչիներ են դնում։

— Վա՛յ վա՛յ և նրանց գլուխը էրվում է, ճզճզում է, էդպես չէ՞,— հարցրուց Նարգիսը սարսափելով, կարծես ինքը տեսնում էր մի այդպիսի երևույթ։

— Բա՛, քույրիկ, նրանք այրվում են, բայց մոխիր չեն դառնում, որ մնան ու երկար այրվին։ Բայց քրիստոնյայի փառքը արքայության մեջ, գիտես, մայրս ինչպես էր պատմում,— առաջ տարավ Վարթիկը։

— Ասա՛, ասա՛, ի՞նչպես,— հարցրուց Նարգիսը։

Վարթիկը չկարողացավ պատասխանել, որովհետև վերակացու ֆերրաշը վրա հասավ և հրամայեց վեր կենալ և սկսել գործը։

Նրանք արդեն ավարտել էին ճաշը, լսելով վերակացուի սպառնալից խոսքերը, փաթաթեցին հացի մնացորդները թաշկինակի մեջ, և ամեն մինը գնաց յուր գործին։

Նույն ավուր երեկոյան պահուն աղջիկները իրանց գործը վերջացրին խիստ վաղ, որովհետև այն օր նրանց ամեն մինին բաժանված էր փոքր գործ։

Բայց Վարթիկը չկարողացավ վերջացնել, նրա համար, որ այնօր նրան նշանակված էր մյուս օրերին համեմատելով բավականին շատ գործ։ Աղջիկները, վերջացնելով իրանց գործը, դեռ արևը չմտած, տուն գնացին։ Բայց վերակացուն հրամայեց Վարթիկին մնալ այնտեղ, մինչև կվերջացներ յուր գործը և թողեց օրիորդի վրա հսկելու մի ծերունի թուրք, ինքը գնաց։

Մութը պատել էր աշխարհը, երբ Վարթիկը վերջացնելով գործը, առեց յուր խշբիկը, և յուր քաղհան արած խոտերից մի քանի խուրձ կապեց, շալակն առեց, որ տանե իրանց հորթերի համար, և սկսավ դիմել դեպի գյուղ։

Անցնելով ձեռատունկ անտառի մոտից, օրիորդը նկատեց, որ յուր վրա հարձակվեցան մի քանի մարդիկ, մի թանձր քող ձգեցին