Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարզ և աղքատիկ ճաշը։ Միայն Նարգիսը նկատեց, որ Վարթիկի դեմքը այնօր գունատված և տխուր էր։ Եվ զարմացավ, որ յուր ուրախ և զվարճախոս ընկերուհին այնօր յուր խոսքերին տալիս էր խիստ սառն և հատուկտոր պատասխան։ Այդ պատճառով հարցրուց.

— Վարթիկ, ինձ երևում է, այսօր քո քեփը տեղը չէ՛, դու խիստ գունատված ես։

— Այո՛, քույրիկ, մի փոքր վրդովված եմ,— ասաց Վարթիկը տխուր ձայնով։

— Ինչո՞ւ։

— Այն անիծված խանզադեն այսօր խիստ վշտացրուց ինձ։

— Ես տեսա, նա խոսում էր քեզ հետ, բայց ասա, ի՞նչպես վշտացրուց քեզ,— հարցրուց Նարգիսը անհամբերությամբ։

Վարթիկը պատմեց խանի որդու բոլոր խոսակցությունը յուր հետ։ Նարգիսը զարմանալով լսում էր նրան, և նա, խոսքը դարձնելով դեպի խանի որդին, ասաց արհամարհանոք.

— Է՛հ, հողը քո գլխին, լա՛վ բան է մտածել..., Բայց, Վարթիկ, հոգի՛ս,— դարձավ նա դեպի յուր ընկերուհին,— չլինի որ նրա խոսքերից խաբվիս, թե չէ, հոգով և մարմնով կկորչիս, քույրիկ։

— Մի՞թե ինձ հիմար ես կարծում։ Նարգիս, որ ես խաբվիմ նրա խոսքերից և ուրանամ իմ հավատը,— կրկնեց Վարթիկը։ Նարգիսը, որի մեջ խիստ անհանգստություն պատճառեցին ընկրուհու խոսքերը, կամեցավ ևս առավել պնդել նրա համոզմունքը, ասելով.

— Գիտե՛ս, քույրիկ, թուրքերի ամեն բանը մայրս ինձ շատ անգամ ասել է, նրանք մեռոն չունին, խաչ չունին, Ավետարան չունին։ Մայրս ասում է, նրանց երեխաները չեն մկրտվում, դրա համար շատ վատ հոտում են։ Մայրս ասում է, նրանց մեռելները գոռնազիզ են լինում։

— Ի՞նչ է նշանակում գոռնազիզ լինել,— ժպտալով հարցրուց Վարթիկը։

— Նշանակում է, որ մեռելները գիշերներով դուրս են գալիս գոռից (գերեզմաններից) և շան լակոտների կերպարանքով, կանգնում են ճանապարհների վրա, հաչում են։

— Այդ դրուստ է, Նարգիս,— պատասխանեց Վարթիկը,— ես լսել եմ, որ մի գյուղացի մարդ գիշերով անցնելով գոռխանայի կողմից, տեսել էր մի շատ սիրուն շան լակոտ, առել էր նրան և բերել էր յուր տունր, դրել էր նրան մի կողովի տակ, որ առավոտյան