Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հեռու, մեր սարերի մեջ ձգած են իմ քեռու հովիվների վրանները, գիշերային խավարր ձեռնտու կլինի մեզ և մինչև առավոտ քեզ այնտեղ կհասցնեմ, այնուհետև դու ազատված կլինիս։

Լուսինը վառեց յուր գիշերային լապտերը։ Այգիի ծառերը փայլեցան կախարդական լուսով։ Օրիորդը նկատեց երիտասարդի գունաթափ դեմքը. նա տեսավ, թե ո՛րպես արտասուքը գլորվում է նրա տխուր թշերի վրա։

Երիտասարդն ավելի ու ավելի թախանձում էր նրան։

— Լսի՛ր, Թոմաս, եթե աստված մեր ճակատին գրել է, թե մենք պատկանում ենք միմյանց, նա երբեք չէ բաժանելու մեզ, նա կկուրացնե կուսագիրների աչքերը, նրանք չեն տեսնիլ ինձ։

— Այդ ցնորք է, Նազանի, լսի՛ր, ինչ որ ասում եմ քեզ։

— Ես, Թոմաս, չեմ կարող իմ ծնողքը թողնել նախատինքի տակ, որ մեր գյուղի աղջիկներր ծիծաղելով ասեն. «Նազանին յուր փեսայացուի հետ առուփախ գնաց»...։

Սույն միջոցին լսելի եղավ օրիորդի եղբոր՝ Մելքոնի ոտնաձայնը և Թոմասն աներևութացավ թփերի մեջ, որ Մելքոնը չտեսնե նրան յուր քրոջ հետ խոսելիս։

Երիտասարդը օրիորդի փեսայացուն էր, որի համար նշանված էր Նագանին։


Բ

Մյուս օրր առավոտյան Եղիսաբեթը, օրիորդի մայրը, արտասուքն աչքերում պատրաստում էր յուր աղջիկը կուսագիրների հանդեսը դուրս բերելու։ Սարսափելի կերպով զարդարում էր նա թշվառ Նազանիին։ Նրա ծաղկանկար չթեղեն ու կերպասյա զգեստի տեղ հագցնում էր նրան մուրացկանի հին, պատառոտած շորեր. նա անխնա կերպով կտրատում էր նրա ծամերի երկայն հյուսերը, որոնք հիանալի կերպով թափված էին օրիորդի շիտակ թիկունքի վրա։ Նա կտրում էր նրա գանգրահեր զուլֆերր, որոնք սև սաթի օղակներով խաղ էին անում նրա վարդագեղ թշերի հետ: Այդ քնքուշ և փափկիկ թշերը օծանվում էին նույն րոպեին սև ձյութային հյութով և նրա դեմքն ստանում էր գորշ-բրոնզային գույն։ Օրիորդը տգեղանում էր, այլանդակվում էր յուր չքնաղությունից...։

Այդ աղետալի պաշտոնը կատարելեն հետո մայրը նայեց դստեր վրա և գառն կերպով հոգոց հանելով ասաց.