Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամիս այն չարագործի սրով ես պառկած մնացի իմ անկողնում, բայց տերը ազատեց ինձ, բայց նա չի ազատվի իմ ձեռքեն... նա այս գիշեր կմորթվի, դահճի ձեռքով»...։

Ը

Առավոտը լուսացավ։

Տ․․․ գյուղի մեջ լսելի էին լինում դհոլի և զուռնայի ձայներ։ Գյուղացոց դեմքի վրա փայլում էր ուրախություն։ Յոթն օր և յոթ գիշեր հարսանիք պիտի լիներ։

— Ի՜նչպես բախտավորվեցավ մահտեսի Հակոն,— ասում էր գյուղացիներից մինը յուր մոտ կանգնած մարդուն։— Մելիքի պես փեսա գտավ, ասում են հիսուն թուման բաշլըղ է առել, մի ջուխտ եզ, մի ջուխտ գոմեշ է ստացել։ Շուտով յուր համար գութան կսարքե, կվարե, կհնձե և կապրե..․

— Էս էլ աստծո տալիքն է, Մարտիրոս ախպեր,— նրա խոսքը կտրեց մի այլը. «Բախտը երբ որ բերում է, ամեն բան էլ լինում է, բախտը երբ որ գնում է, ամեն բան էլ տանում է»։

— Բայց էդ լա՞վ է, որ մի աղջկա համար այնքան արյուններ թափվեց,— մեջ մտավ մի այլը։

— Օրհնած, մեզ ի՜նչ,— նրան պատասխանեց մի կարճլիկ մարդ,— եթե այդ հարսանիքը չլիներ, մենք որտեղից մինչև յոթն օր, յոթն գիշեր կարող էինք առատ ուտել-խմել և քեֆ անել։

— Էդ դրուստ է,— մեջ մտավ մի գյուղացի երիտասարդ,— բայց գիտե՞ք, Ալեքսանը ի՜նչ տղա էր... Ամբողջ գյուղի ուրախությունն էր նա։ Նրա ղոչաղությունը, նրա խաղ ասելը, նրա բնավորությունը, ո՞վ ունի, ամենի համար նա յուր գլուխը չէր խնայի, բայց մի այդպիսի բարի և քաջ տղամարդը հիմա փտում է բանտի մեջ...

— Մարդի ճակատին ինչ որ գրված է, էն կլի,— երիտասարդի խոսքը կտրեց մի ծերունի։— Աստուծո գործերը չէ կարելի քննել, ի՞նչ մեր գործն է այդպիսի բաների վրա խոսելը...

Մարդիկ լռեցին, երբ որ մոտեցան նրանց դհոլ-զուռնա ածողները, և մի ահագին խայտաճամուկ բազմություն, որոնք պար գալով — ուրախություն անելով մահտեսի Հակոյի տունը նան գուշտ էին անում մելիքի տանից։

Խոսողները խառնվեցան նրանց խմբին, և բոլորը դիմեցին դեպի մահտեսի Հակոյի տունը։