Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենևին հանգստություն չունի, անդադար կրկնում է միևնույն խոսքերը....

Մայրապետն շտապեց դեպի հիվանդի խուցը։

Մահճակալի վրա պառկած էր մի պատանեկուհի, նա տանջվում էր նույն րոպեին ջերմախտական ցնորքներով։ Մահվան դեղնությունը պատել էր նրա քնքուշ դեմքը և սևորակ աչքերի մեջ, որ երբեմն նա բաց էր անում, աղոտ նշույլներով փայլում էր մարած կյանքի վերջալույսը։

«Օսեփ ջան, Օսեփ ջան, քո հոգուն մատաղ... ազատի՛ր ինձ...տա՜ր, ուր որ ուզում ես... ես կգամ քեզ հետ»...։ Այդ խոսքերը. լսվում էին մերթ ընդմերթ հիվանդի բերանից։

Մայրապետը նստավ նրա մահճի մոտ և խորին տխրությամբ լսում էր այդ խոսքերը, խոսքե՛ր, որոնք բխում էին խորտակված՝ սրտի փլատակներից...

Հայտնվեցավ մի կարճահասակ տղամարդ ակնոցներով։ Նրա առաջին հոգատարությունից երևում էր, որ բժիշկ էր։ Նա հիվանդը քննելուց հետո, դարձավ դեպի մայրապետը, սկսավ հարցնել նրա նույն ավուր դրությունից։

— Առավոտյան նա բոլորովին ուշի եկավ,— ասաց մայրապետը,— մեզ ամենիս ճանաչում էր և պարզ խոսում էր։ Հանկարծ երևակայությունը դարձյալ խառնվել սկսեց, երբ նայեց մեզ վրա։ Կարծես, իրան շրջապատ առարկայքը սարսափելի տպավորություն են գործում նրա վրա և ծնեցնում են նրա մեջ մի վրդովմունք, որ մեր ամենիս անհասկանալի է...

— Ի՞նչպես էր նա հիվանդությունից առաջ,— հարցրուց բժիշկը:

— Այն օրից, երբ նրան կուսանոցը բերին, նա միշտ լուռ էր և տխուր։ Ժպիտ, ծիծաղ ասած բաները մենք երբեք չէինք նկատում նրա դեմքի վրա։ Պատահում էր, որ նա սեղանից հեռանում էր առանց մի պատառ հաց ուտելու, պատահում էր, որ ամբողջ ժամերով նա չէր երևում. մենք նրան գտնում էինք առանձնացած` յուր խուցի մեջ, կամ լաց էր լինում, կամ նստած խորին մոռացության մեջ տխրում էր և հալումաշ լինում։ Պատճառները մեղ հայտնի չէին, ես կարծում էի, թե խղճի խայթն այդպես տանջում էր նրան և զղջացած սրտի ցավերով մաշվում էր նա...

— Հիվանդի ցավը բարոյական է,— պատասխանեց բժիշկը կանգնելով,— երևում է, նա ընդդեմ յուր կամքին այստեղ բերված