Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է, նրա ծնողները պետք է շուտով հեռացնեն նրան կուսանոցից. եթե չկամեին մեռցնել իրանց աղջիկը։

Բժիշկը մի քանի պատվերներ տալուց հետո հեռացավ։

Բ

Թոմաս Խորենյանն — այդպես էր բժշկապետի անունը — մի գյուղացի աղքատ մարդու որդի էր, նա յուր տասներկու տարեկան հասակում Թ. քաղաքը բերվեցավ, և ազգային դպրոցը հանձնվեցավ որպես թոշակավոր աշակերտ։ Այնուհետև մտնելով տեղային արքունական ուսումնարանն, ավարտեց որպես ամենաընդունակ աշակերտներից մեկը, որի համար տերության ծախսով համալսարան ուղարկվեցավ։ Նա դուրս եկավ համալսարանից ստանալով, որպես արգասիք յուր հինգ տարվա անխոնջ աշխատության, դոկտորի տիտղոսը։ Վերադառնալով հայրենիքը դոկտոր Խորենյանը չմնաց այնտեղ, որովհետև հայրենի երկրի անշուք կյանքը նրան ձանձրացնում էր, այլ շուտով Թ... քաղաքը վազեց երկու նպատակով, մինն` յուր համար լավ ասպարեզ տնօրինելու, մյուսը` մի հարուստ աղջկա վրա պսակվելու մտքով։ Այդ ցանկություններին հասնելու ուղին հարթելու համար, ոչինչ չէր արգելում պարոն բժշկապետին յուր ժամանակից մի քանի ժամեր զոհել ազգային գործերին։ Դրանցից մինն էր կուսանոցի մեջ հիվանդների հոգատարությունը ձրի ընդունելը։ Դեռ նոր եկած լինելով այդ քաղաքն, յուր այն գիշերվա հիվանդի ով կամ ում զավակ լինելը բոլորովին անհայտ էր նրան։ Բայց հիվանդի կյանքի և նրա անցյալի մեջ նա թաքնված էր գտնում մի գաղտնիք, որի լուծելը նրան շատ և շատ հետաքրքրում էր։ Այդ խորհրդածության մեջ կամենում էր նա կուսանոցի դռանը սպասող կառքը նստել, երբ մի ձայն կանգնեցրեց նրան.

— Պարոն բժշկապետ, ներեցեք ինձ հարցնել հիվանդ օրիորդի դրության մասին, որի մոտ դուք այցելություն ունեիք։

Կուսանոցի դռանը վառվող ֆանարի լուսով բժշկապետը նրշմարեց մի երիտասարդի տխուր և շնորհալի կերպարանքը։

— Հիվանդի դրությունը բոլորովին հուսահաական է,— պատասխանեց Խորենյանը դառնա,ով դեպի անծանոթն.— եթե շուտով պետք եղած հնարները գործ չդրվին, նա կորած է...